Առայժմ Հայաստանի համար ռուսական գազը ամենից էժանն է։ Հոկտեմբերի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:

Նա նշեց, որ իրանական կողմը դեռեւս ավելի ձեռնտու գազ չի առաջարկում, քան հիմա՝ էլեկտրաէներգիայի դիմաց գազ մատակարարելով:

Հայաստանն այս սխեմայով Իրանից գազ է ստանում Երեւանի ՋԷԿ-ի համար, դրանից ստանում է 4 ԿՎտժ էլեկտրաէներգիա, որից 3-ը տալիս է Իրանին, մնացածը փոխանցվում է Հայաստանի էներգահամակարգ:

Վերջերս Իրանի առաջին փոխնախագահ Էսհան Ջազանհիրիի հրավերով Իրանում էր վարչապետ Կարեն Կարապետյանը: Այցի շրջանակում Մանուկյանը հանդիպել է Իրանի նավթարդյունաբերության նախարար Բիժան Զանգանեի հետ (2 նախարարները հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն են): Գործընկերները քննարկել են գազամատակարարման նոր հնարավորությունները:

«Համաձայնվեցինք, որ Իրանը չի կարող ավելի էժան գազ մատակարարել, քան հիմա (կիլովատտը փողի փոխարկելով): Իրանի հետ ներկայիս սխեման հնարավոր սխեմաներից ամենաարդյունավետն է: Եվ շուտով այն հայ-իրանական գազատարն ամբողջությամբ կլցնի»,- նշեց Մանուկյանը:

Նրա պարզաբանմամբ՝ 2 տարի հետո պատրաստ կլինի Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման 3-րդ բարձրավոլտ՝ 400 կՎտ գիծը, որի շնորհիվ Հայաստանը կկարողանա իրանական գազից ավելի շատ էլեկտրաէներգիա ստանալ՝ այնքան, որ ներկայիս 700-միլիմետրանոց խողովակաշարը լրիվ կլցվի: «Եթե մեզ ավելի ձեռնտու գազ առաջարկեն ոչ թե ՋԷԿ-ի, այլ ամբողջ շուկայի համար, ապա մենք պատրաստ ենք այն քննարկել: Սակայն այդ ժամանակ ստիպված կլինենք բարտերը կրճատել: Այլապես, ինչպես ասացի, խողովակում պարզապես տեղ չի լինի»,- հավելեց նա:

Իսկ եթե իրանական գազը ռուսականի հետ համեմատենք, որն ապահովում է Հայաստանի մնացյալ ամբողջ շուկան, ապա ռուսականն ավելի ձեռնտու է, եթե հաշվի առնենք ե՛ւ գինը, ե՛ւ ջերմատվությունը: Որպես կանոն, այն ռուսական գազի դեպքում ավելի բարձր է, հավելեց նախարարը: