Ոստիկանության աշխատակիցները պարզել են օրեր առաջ Երեւանի պետական բժշկական համալսարանի տնտեսական վարչության պետին մարմնական վնասվածքներ պատճառողի ինքնությունը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին տեղեկություն էր հրապարակել Երեւանի պետական բժշկական համալսարանի տնտեսական վարչության պետին մարմնական վնասվածքներ պատճառելու փաստով, ով սալջարդ ախտորոշմամբ տեղափոխվել էր Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Shamshyan.cm-ի փոխանցմամբ, ոստիկանները պարզել էին, որ վիճաբանությունը տեղի է ունեցել մի քանի երիտասարդների միջեւ եւ այդ պահին 57-ամյա Սամվել Բ.-ն նկատողություն է արել նրանց, ասելով, որ հասարակական կարգը չխախտեն եւ անհարգալից վերաբերմունք չցուցաբերեն հասարակության մեջ: Երիտասարդներից մեկին դուր չի եկել նկատողությունը եւ նա փողոցում տեղադրված աղբամանով հարվածել է Սամվել Բ.-ին:

Վիճաբանությանը մասնակցող երիտասարդներն են 21-ամյա Ալիկ Մ.-ն, 22-ամյա Հայկ Բ.-ն, 23-ամյա Դավիթ Ա.-ն, 24-ամյա Աշոտ Ղ.-ն։ Ոստիկանները նրանցից 3-ին հայտնաբերել են, իսկ Ալիկ. Մ-ին որոնում են: Կան տեղեկություններ, որ վիճաբանությանը այլ երիտասարդներ էլ են մասնակցել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 16-ին Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց էր բուժօգնության դիմել Երեւանի բնակիչ՝ 57-ամյա Սամվել Բադոյանը։ Վերջինս հիվանդանոց էր ընդունվել «կոնքի կոտրվածք՝ հարցականով, աջ գոտկային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ։

Հիվանդանոց էին մեկնել Ոստիկանության Կետրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի օպերատիվ խումբը, սակայն հետաքննիչին Սամվել Բ-ն հայտնել էր, որ հրաժարվում է կատարվածի մասին տեղեկություններ տալ։