Google-ի մայր ընկերություն Alphabet-ի Sidewalk Labs ընկերությունը աշխարհում ամենատեխնոլոգիական քաղաքը կստեղծի, հայտնում է The Wall Street Journal-ը:

Տորոնտոյի Օնտարիո լճի ափին «խելացի շրջանում» կթեստավորեն  ադապտիվ լուսակիրների փորձնական տեխնոլոգիաներ, մոդուլային տներ, թղթատար ռոբոտներ եւ բեռնատար դրոններ, որոնց երթուղիները ստորգետնյա կանցկացնեն, փոխանցում է «Կոմերսանտը»:

Շրջանի բնակիչները կտեղաշարժվեն ոչ թե անձնական ավտոմեքենաներով, այլ անվարորդ երթուղայիններով եւ հեծանիվներով, որոնց համար ձմեռային տաքացմամբ հատուկ ուղեմասեր կստեղծեն: Financial Times-ը նշում է, որ «խելացի շրջանի» գլխավոր խնդիրը տեղի բնակիչների տվյալների գաղտնիության պահպանումն է, քանի որ տեխնոլոգիաներն են կառավարելու մարդկանց կյանքի բոլոր ոլորտները՝ աղբահավաքությունից մինչեւ տան աղմուկը:

Սա Google-ի քաղաքային տարածք ստեղծելու առաջին խոշոր փորձն է: Google Canada-ն նախատեսում է այնտեղ տեղափոխել իր գլխամասային գրասենյակը:

«Խելացի շրջանի» մակերեսը սկզբում կկազմի 8 քառ.կմ: Նախագծի արժեքը կազմում է մոտ 1 մլրդ դոլար: Ընկերությունն արդեն 50 մլն դոլար է հատկացրել մշակումների առաջին փուլի համար:

Նախագծին հավանություն է տվել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն: Նա նշել է, որ տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ նախագիծը թույլ կտա ապագայում «ավելի մաքուր, խելացի եւ կանաչ քաղաքներ կառուցել»: