Հոկտեմբերի 22-ին ավարտվող Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատի ընտրություններում հաղթում է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության եւ Կոմյետո կուսակցության իշխող կոալիցիան: Այս մասին հայտնում է NHK հեռուստաընկերությունը:

Քվեարկությունը տեղական ժամանակով ժամը 07.00-ին սկսվել է 47,7 հազար ընտրատեղամասերում եւ դրանց մեծ մասում ավարտվել է տեղական ժամանակով ժամը 20.00-ին: Երկրի հարավային եւ կենտրոնական շրջաններում ընտրատեղամասերը փակվել են տեղական ժամանակով արդեն ժամը 16.00-ին՝ «Լան» հզոր թայֆունի մոտենալու պատճառով:

Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը կարող է ստանալ պատգամավորական 300 մանդատներից 253-ը, իսկ նրա կոալիցիոն գործընկերը 27-ից մինչեւ 36 տեղ: Սեպտեմբերի վերջին Տոկիոյի քաղաքապետի ստեղծած Հույսի կուսակցությունը կարող է ստանալ 38-ից 59 մանդատ, իսկ Սահմանադրական դեմոկրատական կուսակցությունը՝ 44-ից 67:

Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատի 465 տեղին հավակնում է 1180 թեկնածու:  Առաջին անգամ ստորին պալատի ընտրությունների քվեարկությանը մասնակցել են 18 տարեկան դարձած քաղաքացիները: Նախկինում Ճապոնիայում քվեարկության իրավունք ունեին 20 տարեկան դարձած ճապոնացիները: