Վրաստանում հոկտեմբերի 21-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում Ջավախքում առաջին անգամ ընտրվել է կին քաղաքապետ: Իշխող «Վրացական երազանք` Դեմոկրատական Վրաստան» կուսակցության կողմից Նինոծմինդայում առաջադրված Անիվարդ Մոսոյանը, նախնական տվյալներով, 77 տոկոս ձայն է հավաքել եւ դարձել Նինոծմինդայի քաղաքապետ:

Անիվարդ Մոսոյանը ավարտել է Երեւանի տնտեսական-իրավական համալսարանի հոգեբանության ֆակուլտետը, սովորել Թբիլիսիի «Գաենաթի» հասարակական գիտությունների ինստիտուտը: 1994 թվականից աշխատել է վրացերենի ուսուցչուհի, 2008-2009թթ. եղել է նույն դպրոցի տնօրեն: 2009-2013թթ. Նինոծմինդայի կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավարի պաշտոնն է զբաղեցրել, իսկ 2014 թվականից մինչ օրս Նինոծմինդայի շրջանային ժողովի պատգամավոր է, կրթության, սպորտի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ: