Արմեն Ջիգարխանյանի շուրջ սկանդալը չի մարում։ 82-ամյա դերասանը վճռականապես որոշել է ապահարզան պահանջել իր 38-ամյա կնոջից՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայից։ Դերասանը կնոջը գող էր անվանել եւ ասել, որ 2 տարվա համատեղ կյանքի ընթացքում նա խորամանկությամբ ձեռք է գցել Ջիգարխանյանին պատկանող բնակարանները, խնայողություններն ու անգամ թատրոնը, որը նա ստեղծել էր եւ կոչել իր անունով։ Հիմա Ջիգարխանյանը հիվանդանոց ում է, ուր հայտնվել է կնոջ հետ վիճելուց հետո դիաբետի նոպայի պատճառով, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»–ն։

Նյութական հարցերից բացի, ամուսինները վիճում էին նաեւ ժառանգ ունենալու շուրջ։ Կինը երեխա էր ուզում, իսկ ամուսինը՝ ոչ։

«Նա ինձնից երեխա էր ուզում։ Ինչպե՞ս ես կարող էի նման քայլի գնալ։ Միայն արկածախնդիրը կհամաձայներ 80 տարեկանում երեխա ունենալ»,– ասել է ԽՍՀՄ վաստակավոր արտիստը ՆՏՎ հեռուստաալիքին։

Արմեն Ջիգարխանյանի միակ դուստրը՝ Ելենան, 23 տարեկանում մահացել էր։ 1967-ին ամուսնանալով Տատյանա Վլասովայի հետ՝ Ջիգարխանյանը նրա հետ մեծացրեց կնոջ՝ առաջին ամուսնությունից ունեցած որդուն։ Հիմա Ստեփան Վլասովն ապրում է ԱՄՆ–ում եւ չի շփվում խորթ հոր հետ։

Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո՝ Ջիգարխանյանը պատրաստվում է երիտասարդ կնոջից առանձին ապրել։

Միաժամանակ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայան դեռ հույս ունի վերադարձնել ամուսնուն։ Սկզբում նրա ներկայացուցիչ Էլինա Մազուրը Վիտալինայի անունից հայտարարել էր, որ այդ ինքն է բաժանվում ամուսնուց, քանի որ Ջիգարխանյանը վարկաբեկել է իր մաքուր անունը։ Սակայն «Կենտրոնական հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում Վիտալինան ասել էր, որ շատ է ուզում խոսել ամուսնու հետ եւ ամեն բան հարթել։

«Ես մինչեւ հիմա հույս ունեմ, որ Արմեն Բորիսովիչը կվերադառնա։ Մենք պետք է լուրջ խոսենք, ամեն բան քննարկենք։ Մենք մինչեւ այս պահը երբեք լուրջ վեճ չենք ունեցել։ Հիմա նրանից վերցրել են հեռախոսը, այդ պատճառով ես նրա հետ խոսելու հնարավորություն չունեմ»,– ասել է Ցիմբալյուկ Ռոմանովսկայան։

Նա վստահ է, որ ամուսնու վրա ընկերները վատ ազդեցություն են ունենում եւ նրան իր դեմ են տրամադրում։