ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի գործով մեկ տարուց ավելի կալանքի տակ գտնվող ազատամարտիկ Հարություն Սարիբեկյանը («Զիմ») 17 օրից ավելի է՝ հացադուլի մեջ է: NEWS.am-ի հետ զրույցում նրա շահերի պաշտպան Ռուզաննա Սիրեկանյանը նշեց, որ պաշտպանյալը շատ հյուծված է՝ ունի գլխապտույտ, արյան ճնշում, շատ թույլ է զգում իրեն:

«Համոզել եմ, որ դուրս գա հացադուլից, բայց ասում է՝ մինչեւ վերջ շարունակելու եմ: Նա բժիշկների հսկողության տակ է, բայց վատ ինքնազգացողություն ունի»,-ասաց պաշտպանը:

Ռուզաննա Սիրեկանյանը նշեց, որ այժմ հիմք չկա, որպեսզի դատարանում միջնորդություն ներկայացնի Հարություն Սարիբեկյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ:

Հարություն Սարիբեկյանը հացադուլով բողոքում է քրեական գործից եւ պահանջում է փոխել իր նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը:

Նշենք, որ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ Հարություն Սարիբեկյանը հոկտեմբերի 22-ին դադարեցրել է հացադուլը:

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող ազատամարտիկ Հարություն Սարիբեկյանը մեղադրվում է «հանցավոր» խմբի անդամներին զենք վաճառելու մեջ: Ըստ որոշ տեղեկությունների, նա «Մուխա» տեսակի զենք է վաճառել խմբին: Առաջադրված մեղադրանքում, սակայն, ազատամարտիկն իրեն մեղավոր չի ճանաչում:

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցել եւ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: