Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոյին:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց դեսպանին հայ-բրազիլական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում ներդրած ջանքերի համար: Ամենայն Հայոց Հայրապետը Մոնտեյրոյին մաղթեց արգասաբեր գործունեություն եւ հաջողություններ հետագա ծառայության մեջ: 

Իր հերթին դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց Հայաստանում պաշտոնավարման իր փորձառությունը եւ ջերմ տպավորությունները` ընդգծելով, որ այս ընթացքում լավագույնս ճանաչել է Հայաստանը ու հայ ժողովրդին: Դեսպանը հավաստիացրեց, որ կշարունակի մնալ հայ ժողովրդի բարեկամը եւ այս տարիների հիշողությունները մշտապես կկրի իր հոգում:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: