Իրանական կողմում կա կամք Հայաստանին առավել մատչելի գնով գազ մատակարարելու վերաբերյալ, այս մասին «Ազատություն»  ռադիոկայանի հետ զրույցում ասել է Իրանի Էկոնոմիկայի եւ ֆինանսների փոխնախարարի խորհրդական Ռոբերտ Բեգլարյանը:

«Նման կամք կա, բայց անշուշտ երբ որ բանակցությունների հանգրվան է հանձնվում, գուցե ուրիշ պայմաններ եւ պարագաներ օրակարգային են դառնում», - նշել է Բեգլարյանը:

Երեք օր առաջ Հայաստանի Էներգետիկայի նախարարը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Իրանը Հայաստանին Ռուսաստանից ավելի էժան գազ չի առաջարկում, դրա համար Հայաստանը չի գնում իրանական գազը:

«Գուցե այս հայտարարությունները գալիս են հետագա բանակցությունների եւ սակարկումների ենթահողը պատրաստելու», - կարծիք է հայտնել Իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի հայազգի խորհրդականը: - «Բայց ինչպես արդեն փորձն է ցույց տվել, Իրանի կողմից որեւիցե խոչընդոտ չպետք է լինի այդ հարաբերությունները պահպանվի, ընդլայնվի եւ վերաբանակցվի, քանի որ Իրանն է շահագրգռված է»:

Դեռ չորս տարի առաջ Հայաստանում Իրանի դեսպանը հայտարարել էր, որ իրանական կողմը պատրաստ է Հայաստանին, որպես բարեկամ ու հարեւան երկրի՝ գազ վաճառել հատուկ, այլ ոչ թե միջազգային գնով: