Հայաստանն ու Ռուսաստանը պատրաստվում են Ռուսաստանում հայկական մշակույթի օրեր անցկացնել նոյեմբերին։ Այս մասին հոկտեմբերի 24-ին՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ, ասել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը։

ՀՀ վարչապետի խոսքով՝ կողմերը աճի հսկայական հնարավորություններ են արձանագրել, քննարկել են համատեղ ներդրումային եւ համագործակցության խորացման այլ նախագծերի իրականացման հնարավորությունները։

ՌԴ վարչապետը նշել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի արտաքին տնտեսական գլխավոր գործընկերը։ Երկկողմ ապրանքաշրջանառությունն աճել է եւ՛ 2016-ին, ե՛ւ 2017-ի սկզբից։

«Մեր բոլոր համատեղ ձեռնարկություններն աշխատում են բոլոր ոլորտներում՝ բարձր տեխնոլոգիաներ, էներգետիկա, շինարարություն, հեռահաղորդակցություն։ Մենք ապագայի պլաններ ենք կազմել։

Զարգանում է համագործակցությունը նաեւ հումանիտար ոլորտում։ Մենք պատրաստվում ենք Ռուսաստանում հայկական մշակույթի օրեր անցկացնել նոյեմբերին։ Կան նաեւ մի շարք նոր նախագծեր»,– ասել է Մեդվեդեւը։