Եվրասիական միության տարածքում նավթի եւ նավթամթերքի միասնական շուկայի ձեւակերպումներ են ընդունվել: Այդ մասին NEWS.am- ի թղթակցի հետ զրույցում ասել է Ղազախստանի էներգետիկայի փոխնախարար Մագզում Միրզագալիեւը: Նա մասնակցում է Երեւանում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:

Գազի հարցով որոշվել է շարունակել խորհրդակցությունները, իսկ նավթի եւ նավթամթերքի վերաբերյալ կողմերն արդեն համաձայնության են եկել: Այժմ բորսայական առեւտրի կազմակերպումն է քննարկվում, որտեղ գները որոշվելու են շուկայական պայմաններով:

Առանձին կսահմանվեն նաեւ շուկայի մուտքի միասնական կանոնները:

«Կարծում եմ, որ այսօր ԵՏՄ երկրներում կան բավարար ապրանքահումքային բորսաներ: Այլ բան է, որ մենք պետք է այդ բորսաներին պահանջներ ներկայացնենք եւ տեսնեք, որքանով են դրանք վստահելի», - ասել է Միրզագալիեւը: