Աշխարհում արդեն ՋՋԷՌ-440 (ջրաջրային էներգետիկ ռեակտորներ) ռեակտորներով ԱԷԿ-ների աշխատանքի երկարացման հաջող փորձ կա: Հետեւաբար՝ սա կարելի է անել նաեւ Հայաստանում: Հոկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Հայատոմ» գիտահետազոտական ինստիտուտի ԱԷԿ-ի շահագործման գծով տնօրեն Վահրամ Պետրոսյանը՝ Հայաստանի նախագահին առընթեր Ատոմային էներգետիկայի խորհրդի նիստի արդյունքներով:

Նրա խոսքով՝ արդեն այսպիսի օրինակներ կան ե՛ւ Ռուսաստանում, ե՛ւ Չեխիայում, ե՛ւ Ֆինլանդիայում: «Մեր կայանն ամբողջությամբ համադրելի է դրանց հետ ոչ միայն ռեակտորի տեսակով, այլ նաեւ բոլոր մյուս ցուցանիշներով: Նոր էներգաբլոկի մասին չմոռանալով՝ ատոմագետները կջանան հնից ամեն ինչ քամել՝ առանց անվտանգությանը վնաս հասցնելու: Հիմա մենք աշխատանքը 10 տարով ենք երկարացնում՝ մինչեւ 2027 թվականը, իսկ իմ նշած օրինակների թվում աշխատանքի երկարացում է եղել նաեւ 25, նույնիսկ 30 տարով»,- հավելեց Պետրոսյանը:

Նշենք, որ Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքը կատարվում է ռուսական 270 մլն դոլար վարկային գծի եւ 30 մլն դոլար դրամաշնորհ շրջանակում: Հայկական ԱԷԿ-ը կազմված է 2 բլոկից: 1976 թվականին կառուցված առաջին բլոկը փակվել է 1989 թվականին: 1980 թվականին բացված երկրորդ բլոկը նույն ժամանակ փակվել եւ վերագործակվել է 1995 թվականին: