Գարեգին Բ Կաթողիկոսի օրհնությամբ դեկտեմբերի 10-ին Հայաստանում հիմնվել են երկու նոր թեմեր` Վայոց թեմը եւ Տավուշի թեմը:

Այս կապակցությամբ, Հայրապետական կոնդակում, մասնավորապես, ասվում է.

«Այսօր, երբ Հայրենի մեր երկրում վեր են հառնում խոնարհված աղոթավայրերը, կառուցվում են նոր եկեղեցիներ, ստեղծվել են նոր համայնքներ ու ծուխեր, հրամայական է դառնում նաեւ եկեղեցավարչական նոր կառույցների հաստատումը: Հայրապետական այս Կոնդակով Վայոց ձորի մարզի եկեղեցական համայնքներն առանձնացնում ենք Սյունյաց թեմի կազմից, Տավուշի մարզի եկեղեցական համայնքները` Գուգարաց թեմի կազմից եւ հռչակում ենք ստեղծումը Վայոց թեմի` առաջնորդանիստ Եղեգնաձոր քաղաքով, եւ Տավուշի թեմի` առաջնորդանիստ Իջեւան քաղաքով»:

Վայոց թեմի առաջնորդի պաշտոնում ծառայության է կոչվել Տ. Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը` ազատվելով Սյունյաց թեմի առաջնորդի պաշտոնից: Սյունյաց թեմի Սյունիքի փոխառաջնորդ Տ. Զավեն աբեղա Յազիչյանը, ազատվելով իր պաշտոնից, նշանակվել է նույն թեմի  Առաջնորդական տեղապահ: Իսկ Գուգարաց Թեմի Տավուշի փոխառաջնորդ Տ. Թորգոմ վարդապետ Տոնիկյանը ծառայության է կոչվել Տավուշի թեմում՝ որպես Առաջնորդական տեղապահ: