2018 թվականին Հայաստանում կշարունակեն ներդնել էլեկտրացանցերի ավտոմատ կառավարման համակարգը: Հոկտեմբերի 31-ին այս մասին ասաց էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը՝ ելույթ ունենալով ԱԺ մշտական հանձնաժողովներում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ:

Արդեն գործող SCADA համակարգի համար ծրագրվում է լրացուցիչ մոտ 200 կմ օպտիկական մալուխ անցկացնել, ինչպես նաեւ տվյալների փոխանակման հնարավորություն ստեղծել նույնպիսի համակարգ ունեցող հարեւան երկրների հետ: Այս նպատակով 2018 թվականին ծրագրվում է հատկացնել 1 մլրդ 75 մլն դրամ (մոտ 2,2 մլն դոլար), որից 876 մլն-ը Ասիական զարգացման բանկի վարկից, մնացածը՝ կառավարության համաֆինանսավորմամբ: