ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նոյեմբերի 1-ին մասնակցել է Հանքարդյունաբերության եւ բնական պաշարների տարեկան միջազգային կոնֆերանսի շրջանակներում Մելբուռնում մեկնարկած Հանքարդյունաբերողների վեհաժողովին, որտեղ ներկայացվել են աշխարհի տարբեր երկրներում հանքարդյունաբերության ոլորտի նվաճումները, ոլորտի կարգավորման ու  վերահսկողության ժամանակակից մոտեցումները, հանքարդյունաբերության օպտիմալացման եւ էներգախնայող տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունները, շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցման նորագույն լուծումները:

Վեհաժողովում նախարարը ներկայացրել է Հայաստանում գործող ընդերքի օրենսդրությունը, մեր երկրի ներդրումային միջավայրը, ընդերքօգտագործման ոլորտում լիցենզիաների ու երեւակման թույլտվությունների տրամադրման կարգն ու պայմանները:

Հանքային պաշարների միավորված կոմիտեի (JORC) նախագահ Սթիվ Հանթի հետ Աշոտ Մանուկյանը քննարկել է ընդերքի օրենսդրության զարգացման, ոլորտի կարգավորման կատարելագործման ուղղությունները:

Հանքարդյունաբերության միջազգային ստանդարտների կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Ռոբերտ Միլբուրնի հետ հանդիպման ընթացքում կարեւորվել են մարդու առողջության եւ շրջակա միջավայրի վրա հանքարդյունաբերության բացասական ազդեցության չեզոքացման խնդիրները:

Նշենք, որ Հանքարդյունաբերության եւ բնական պաշարների տարեկան միջազգային համաժողովին մասնակցում են շուրջ 150 հանքարդյունաբերող ընկերություններ եւ ավելի քան 3000 պատվիրակներ՝ աշխարհի 77 երկրներից: