Յուրաքանչյուր երկիր, առավել եւս մենք, իհարկե ցանկանում ենք այդ պաշարներն ավելի էժան ձեռք բերել, քան հարեւանները: Այս մասին Business FM-ի հետ հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Ի պատասխան մեկնաբանությանը, թե դրա համար մեղադրում են ռուսական ընկերություններին (ե՛ւ «Գազպրոմին», ե՛ւ Ռուսական երկաթուղիներին, ե՛ւ «Ինտեր ՌԱՕ»-ին), որոնք դիստրիբուցիայով են զբաղվում, նախագահը նշել է. «Դա պարզապես առավելություն է ստեղծում: Ժամանակակից պայմաններում մրցակցությունն անչափ կարեւոր է: Իհարկե, Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինչ-որ հարցեր լուծվեցին, բայց դեռեւս ոչ մինչեւ վերջ: Մենք այսպիսի որոշում ենք ընդունել՝ 2025 թվականին մտնել ածխաջրածնային պաշարների ընդհանուր շուկա: Երբ դա տեղի ունենա, կարծում եմ՝ մենք արտադրությունն ընդլայնելու լուրջ խթան կստանանք: Եվ ոչ միայն արտադրությունը, որովհետեւ մեզ մոտ գրեթե ամեն ինչ գազի վրա է հիմնված»:

Ի պատասխան հարցին՝ բարօրությո՞ւն է այն, որ ռուսական պետական ընկերությունները զբաղեցնում են Հայաստանի ծայրահեղ կարեւոր ոլորտները, Սարգսյանը նշել է. «Ավելի շուտ, դա հուսալի ապահովում է: Բարօրություն կլիներ, եթե այդ ձեռնարկություններն աշխատեին նվազագույն շահույթով, այսինքն՝ նրանց արտադրանքն ավելի էժան լիներ, քան մյուսներինը: Սակայն, մյուս կողմից, բիզնեսը մնում է բիզնես: Ոչ ոք այդ ձեռնարկությունները մեզնից բռնությամբ չի խլել, հասկանում եք: Մենք ինքներս ենք այդ ձեռնարկությունները վաճառել, մենք ինքներս ենք դրանք սեփականաշնորհել: Իհարկե, ես հասկանում եմ մարդկանց, որոնք իրենց տարիքի կամ տեղեկացվածության պատճառով չեն հիշում այն խնդիրները, որոնք գոյություն ունեին 90-ական թվականներին, եւ հիմա այդ հարցերին ուրիշ տեսանկյունից են նայում: Դա միշտ էլ ավելի հեշտ է: Այդ ժամանակ պետք չէր տալ, ինչո՞ւ: Մենք ի՞նչ է՝ ավելի վատ կշահագործեինք, այո՞: Սակայն տարբեր իրավիճակներում հարցերի լուծումը տարբեր է լինում»: