Թուրքմենստանից գազի մատակարարման վերաբերյալ եռակողմ համաձայնագիրը քննարկումների օրակարգում է: Նոյեմբերի 3-ին այս մասին նշեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ ելույթ ունենալով ԱԺ մշտական հանձնաժողովներում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ:

Նրա խոսքով՝ հարցը քննարկվել է հոկտեմբերին վարչապետ Կարեն Կարապետյանի Իրան կատարած այցի ժամանակ: Խոսքը ոչ այնքան գազի ֆիզիկական մատակարարումների մասին է, որքան փոխանակման: Առաջարկվող սխեմայով Հայաստանը Թուրքմենստանին փող է փոխանցում (կամ ապրանք է տալիս՝ պայմանագրից կախված): Փոխարենը Թուրքմենստանի գազը մատակարարվում է Իրանի հյուսիսարեւելյան մարզեր, իսկ Իրանն արդեն հյուսիս-արեւմուտքում գազի նույնպիսի ծավալ է փոխանցում Հայաստանին: «Այսպիսով, Թուրքմենստանից Հայաստան խողովակատարով հատուկ գազ մատակարարելը պարտադիր չի լինի»,- պարզաբանեց փոխնախարարը: