ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, ելույթ ունենալով ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի նոյեմբերին 4-ին Տաշքենդում կայացած նիստում, ներկայացրել է Հայաստանի էներգետիկայի զարգացման հիմնական ուղղությունները:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարն անդրադարձել է մեր երկրում ատոմային էներգետիկայի զարգացման, առաջնային էներգետիկ պաշարների դիվերսիֆիկացման եւ գազային ջերմակայանների արտադրության արդյունավետության բարձրացման խնդիրներին։ Իր ելույթում Աշոտ Մանուկյանը խոսել է նաեւ երկրի ներքին սպառման կառուցվածքում սեփական վերականգնվող աղբյուրներից ստացվող էլեկտրաէներգիայի տեսակարար կշռի շարունակական ավելացման ուղղությամբ իրականացվող քայլերի մասին:

Ներկայացնելով ԱՊՀ երկրներում վերականգնվող էներգետիկայի զարգացման գերակայությունների ճանապարհային քարտեզը` ՌԴ Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի Վերականգնվող էներգետիկայի զարգացման կենտրոնի ղեկավար Գեորգի Երմոլենկոն ընդգծել է, որ վերականգնվող էներգետիկայի զարգացման եւ էներգախնայողության բնագավառում Հայաստանի փորձն ուսանելի է:

Նիստում քննարկվել են էլեկտրագազային կայանքների շահագործման տեխնիկայի անվտանգությանը, սարքավորումների հուսալիությանը, շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցմանը, ինչպես նաեւ ոլորտի խնդիրներին առնչվող ավելի քան 6 տասնյակ այլ հարցեր:

Անդրադարձ է արվել նաեւ կադրային հարցերին։ ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնում ընտրվել է Իգոր Կուզկոն:

Նիստին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի էներգետիկայի նախարարները, Ուզբեկստանի փոխվարչապետը, Սաուդյան Արաբիայի էներգետիկայի, արդյունաբերության եւ բնական պաշարների նախարարը, Ադրբեջանի ու Ղրղզստանի էներգետիկայի փոխնախարարները: 

Համաժողովի շրջանակներում Աշոտ Մանուկյանը  հանդիպումներ է ունեցել ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի, Բելառուսի էներգետիկայի նախարար Վլադիմիր Պատուպչիկի, Ղազախստանի էներգետիկայի նախարար Կանատ Բոզումբաեւի հետ: