Սաուդյան Արաբիայի իշխանությունների ձերբակալած թագավորական ընտանիքի անդամները, ինչպես նաեւ տասնյակ պաշտոնյաներ եւ բիզնեսմենները, որոնց թվում՝ գործող եւ նախկին նախարարներ, մեղադրվում են փողերի լվացման, իշխանության չարաշահման, կաշառակերության, վատնումների եւ այլ հանցագործությունների մեջ։ Այս մասին Reuters–ին հայտնել է թագավորության բարձրաստիճան պաշտոնյան, փոխանցում է ՌԲԿ–ն։

Մասնավորապես, Kingdom Holding ներդրումային ընկերության սեփականատեր, Սաուդյան Արաբիայի թագավորի զարմիկ միլիարդատեր Ալ Վալիդ իբն Թալալի դեմ մեղադրանքներ են ներկայացվել փողերի լվացման, կաշառակերության եւ դրամաշորթության համար։

Ազգային գվարդիայի նախարարի պաշտոնից հեռացված արքայազն Միթաբ բեն Աբդալլահը մեղադրվում է վատնումների, «մեռյալ հոգիներ» վարձելու, պետական պայմանագրերը սեփական ընկերություններին փոխանցելու մեջ։ Այդ գործարքների թվում է նաեւ շարժական ռադիոկայաններ եւ զրահաբաճկոնների մատակարարման համար 10 մլրդ դոլարի գործարքը։

Ֆինանսների նախկին նախարար Իբրահիմ Ալ Ասաֆը, որը Saudi Aramco ազգային նավթային ընկերության կառավարման անդամ է, մեղադրվում է Մեքքայի Մեծ մզկիթի մեծացման աշխատանքների ժամանակ վատնումների մեջ։ Բացի այդ, նրան կասկածում են ծառայողական դիրքը եւ գաղտնի տեղեկությունները գործարքներ կնքելիս օգտագործելու  համար։

Էր Ռիադի նախկին նահանգապետ արքայազն Թուրքի իբն Աբդուլլահը, ըստ իշխանությունների, նույնպես սեփական ընկերությունների հետ գործարքներ է կնքել եւ չարաշահել իր դիրքը մետրոյի շինարարության ժամանակ։

Ինչի՞ց սկսվեց ամեն բան

Նոյեմբերի 4-ին Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդը հրաման էր արձակել կաշառակերության դեմ պայքարի եւ դրա դեմ պայքարի հանձնաժողով ստեղծելու մասին, որը նախագահում է գահաժառանգ արքայազնը։ Միապետը հայտարարել էր, որ մտադիր է լիովին արմատախիլ անել թագավորության իշխանական կառույցներում չարաշահումները։

Դրանից քիչ անց Al Arabiya հեռուստաալիքը հայտնել էր իշխանության վերին օղակներում զանգվածային ձերբակալումների մասին։ Կաշառակերության մեջ կասկածում էին թագավորական ընտանիքի 11 անդամի, 4 գործող եւ տասնյալ նախկին նախարարների։ Ձերբակալվածների ընդհանուր թիվը, ըստ չհաստատված տվյալների, հասել է 40-ի։

Թագավորը ճանապարհ է հարթում իր որդու՝ Մուհամմեդ իբն Սալման ալ Սաուդի համար

Սաուդյան Արաբիայից եկող կցկտուր տեղեկությունների ֆոնին հայտնվեցին տարբերակներ, թե ինչ նպատակ է իրականում հետապնդում միապետը։ Bloomberg–ը հայտնում է, որ ձերբակալությունները միայն ուժեղացրին շշուկներն այն մասին, որ թագավոր Սալմանը դրանով ճանապարհ է հարթում իր որդու՝ 32-ամյա Մուհամմեդ իբն Սալման Ալ Սաուդի համար դեպի գահ։ Հենց նրա կողմնակից Խալեդ Այաֆը փոխարինեց Միթաբին Ազգային գվարդիայի նախարարի պաշտոնում։ Գործակալության զրուցակիցները մատնանշում են այն փաստը, որ վերջին շրջանում այդ պաշտոնները զբաղեցրել են հենց արքայազնին մտերիմ մարդիկ, իսկ Միթաբը դժվարությամբ էր պահում իր դիրքերը։

Մերձավոր Արեւելքի մասնագետ Հանի Սաբրան Bloomberg–ին պատմել է, որ գահաժառանգ արքայազնի դիրքերի ամրացումը նախկինում դժգոհություն էր առաջ բերել ազդեցիկ սաուդցիների շրջանում։ Հիմա, երբ Խալեդ Այաֆը ղեկավարում է գերատեսչությունը, թագավորական ընտանիքի ներսում արձագանքը կանխատեսելը գրեթե անհնար է, քանի որ նա նախկին թագավոր Աբդալլահի հենարանն էր։

Մասնագետները մեծ զարմանքով ընդունեցին Ալ Վալիդի ձերբակալությունը, որը բազմիցս իր լոյալությունն էր հայտնել թագավոր Սալմանին եւ նրա որդուն։ Օրինակ՝ սեպտեմբերին Alwaleed Kingdom Tower երկնաքերում ցուցադրվել էր միապետի հսկայական դիմանկարը՝ ի պատիվ ազգային տոնի։ Սակայն Market Watch–ը նշում է, որ արքայազնին կարող էին հիշեցնել ազգականների մասին։ Եթե Ալ Վալիդը չէր հավակնում առաջնորդի դերին, ապա նրա եղբայր Թալալ բեն Աբդուլ Ազիզը ակտիվորեն դեմ էր արտահայտվում արքայազն Մուհամմեդի առաջադրմանը։ Իշխող դինաստիայի ներսում արագ զտումները պարբերականի աղբյուրները բացատրում են Սալմանի՝ արդեն այս կամ եկող տարի հանգստի անցնելու որոշմամբ։

Սկանդալ թագավորությունում. Սաուդյան Արաբիայում 11 արքայազնի են կալանավորել