«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Աշխատող մայրերին այլեւս չի վճարվի 18 հազար դրամ նպաստը, որը ստանում էին երեխայի խնամքի արձակուրդի ժամանակ: Այս մասին ԱԺ-ում «ՀԺ»-ի հետ զրույցում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Փոխարենը պետությունը կվճարի երեխայի խնամքով զբաղվող դայակի համար: Օրենքի նախագիծը դեռ մշակման փուլում է. «Այն կինը, որը գտնվում է մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, ստանում է 18 հազար դրամ, սակայն եթե այդ կինը ցանկանում է վերադառնալ աշխատանքի, իսկ երեխայի խնամքի համար վարձում է դայակ, ապա պետությունը վճարում է այլ դայակի աշխատավարձի 50 տոկոսը: Այդ գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձը: Այսինքն՝ այդ դայակի աշխատավարձը 110 հազար դրամ է, պետությունը վճարում է 55 հազար դրամը, մնացած գումարը վճարվում է ծնողի կողմից»,- ասաց Արտեմ Ասատրյանը:

Դայակի եւ ծնողի միջեւ պետք է պարտադիր պայմանագիր կնքվի, որի առկայության դեպքում միայն պետությունը կվճարի իր հասանելիքը: «ՀԺ»-ի հարցին, իսկ եթե մայրը դայակի աշխատանքի պայմանագիրը ստորագրում է սկեսրոջ հետ, սահմանափակումներ կլինե՞ն, նախարարն ասաց. «Եթե վարձու աշխատանք ձեւակերպի, որեւէ սահմանափակում չի լինի»:

Նշենք նաեւ, որ եթե այս օրենքն ընդունվի, ապա դայակները կմտնեն հարկային դաշտ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում