«Ճարտարապետ Արամ Խաչատրյան» հիմնադրամի հայտարարած մրցույթի անդրանիկ մրցանակակիր Արման Այվազյանն այսօր՝ նոյեմբերի 11-ին, հանդիսավոր պայմաններում ստացավ 1մլն դրամ պարգեւավճարը:

29-ամյա Արման Այվազյանը Եղեգնաձորից է: Ճարտարապետությունը նրա երկրորդ մասնագիտությունն է, առաջինը՝ գեղանկարչությունն է:

Արամ Խաչատրյանի եղբայրը՝ Արա Խաչատրյանը, շնորհակալություն հայտնելով ներկաներին, նշեց, որ մրցանակաբաշխությունը լինելու է ամենամյա. «Մեր նպատակն է գտնել ճարտարապետներ եղբորս ստեղծած «Ակադա Ստուդիո» ճարտարապետական կազմակերպության համար, ովքեր կշարունակեն եղբորս գործը, վառ պահելով նրա հիշատակը»:

Մրցանակը հանձնեցին Արամ Խաչատրանի եղբոր դուստրերը՝ Անի, Աննա եւ Եվա Խաչատրյանները:

Երեք տարի առաջ կյանքից անժամանակ հեռացած որդու եւ եղբոր հիշատակը վառ պահելու համար՝ Խաչատրյանների ընտանիքը ստեղծեց  «Ճարտարապետ Արամ Խաչատրյան» հիմնադրամը, որի նպատակն է աջակցել մասնագիտական կյանք մտնող երիտասարդ ճարտարապետներին:

Մրցույթին մասնակցել էին ՃՇՀԱՀ Ճարտարապետության ֆակուլտետի մագիստրատուրայի ավարտական կուրսի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները: Մրցույթն ընթացել է երկու փուլով: Ընտրության չափանիշներն էին  ուսանելու տարիներին ուսանողի առաջադիմությունը, իրականացրած ճարտարապետական նախագծերի քանակը և բարդությունը: Ընտրությունը կատարվել է նաեւ հարցազրույցների, հոգեբանական թեստերի միջոցով:

Երբ քննարկվել է ընտրություն կատարելու սկզբունքը, Արամի մայրը՝ տիկին Սուսաննան, պնդել է, որ գումարը հատկացվի բուհի շրջանավարտի, ով կկարողանա պարգեւավճարն օգտագործել որպես որեւէ ճարտարապետական նախաձեռնության սկիզբ:

«Ճարտարապետ Արամ Խաչատրյան» հիմնադրամը ստեղծվել է 2016թ. տարի՝ ճարտարապետության ոլորտի տաղանդավոր երիտասարդներին օժանդակելու նպատակով: Հիմնադիրը «Ակադա Ստուդիո» ճարտարապետական կազմակերպության հիմնադիր Արամ Խաչատրյանի մայրն է՝ գրող Սուսաննա Դարբինյանը: