«Տաշիր» ընկերությունների խումբը Հայաստանի ներդրողների ակումբի եւ միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ համատեղ պատրաստվում է առաջիկա տարիների ընթացքում մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրում կատարել Հայաստանի էներգետիկայի ոլորտում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, «Տաշիր» գրուպի ներդրումների ծրագրերի շնորհանդեսի ժամանակ հայտարարեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը:

«Նախատեսվում է կառուցել Լոռիում «Շնող» ՀԷԿ-ը, որի կառուցումը կարժենա 150-190 մլն դոլար: Նախապատրաստական աշխատանքների ամփոփումից հետո «Շնող» ՀԷԿ-ի նախապատրաստական աշխատանքները կավարտվեն 4 տարվա ընթացքում»,-ասաց նա:

Էներգետիկայի ոլորտի ներդրումային ծրագիրը ներառում է երեք ուղղություն՝ ներդրումներ բաշխիչ ցանցերում եւ հիդրոէներգետիկայի բնագավառներում:

Կարեն Դարբինյանը նշեց, որ առաջիկա տասը տարիներին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որը 2015թ.-ից մտնում է «Տաշիր» ընկերությունների խմբի մեջ, մինչեւ 900 մլն դոլարի միջոցներ կուղղի Հայաստանի ներկայիս էլեկտրաէներգետիկական ենթակառուցվածքի վերակառուցման եւ էլեկտրաէներգիայի առեւտրային հաշվառման համակարգի ներդրման ուղղությամբ:

«Ընկերության հիմնական միջոցները՝ 85 եւ ավելի տոսկոսով մաշվածություն ունեն, որը առաջացնում է  որակական ցուցանիշների ծայրահեղ շեղված վիճակ, արդիականացման կարիք կա: Ծրագրի իրագործումից հետո ցանցերը կհամապատասխանեն միջազգային ամենաբարձր ստանդարտներին»,-ասաց նա:

Կարեն Դարբինյանը նշեց՝  ծրագրի ամենակարեւոր ուղերձը հետեւյալն է՝ «սա ներդրում է Հայաստանի ապագայի համար»:

Նշենք, որ այսօր ստորագրված են պայմանագրեր Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) եւ Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) հետ՝ ընդհանուր գնահատմամբ 160 մլն ԱՄՆ դոլարի ներգրավման նպատակով: Ստորագրվել է նաեւ փոխհամաձայնության հուշագիր Եվրասիական Զարգացման Բանկի հետ՝ 100 մլն ԱՄՆ դոլարի ներգրավման նպատակով: Բացի այդ, շարունակվում են բանակցություններն այլ ֆինանսական կառույցների հետ՝ մատակա տարիների ընթացքում այլ ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով:

Բացի այդ, նախատեսվում է կառուցել հիդրոէլեկտրակայան: Սա թույլ կտա նախկինում պլանավորված 76 ՄՎտ-ի փոխարեն ստանալ մոտ 120 ՄՎտ հզորությամբ կայան՝ էլեկտրաէներգիայի տարեկան մինչեւ 460 մլն կՎտ*ժ արտադրողականությամբ՝ ապահովելով Հայաստանում ընդհանուր սպառվող էլեկտրաէներգիայի շուրջ 5-6%-ը: Կայանը նախատեսվում է կառուցել Դեբեդ գետի (Հայաստանի Լոռու մարզ) հյուսիսային մասում. ընդհանուր բյուջեն կկազմի մինչեւ 200 մլն ԱՄՆ դոլար:

Ծրագրում իր մասնակցությունը կունենան ամերիկյան Ռոբբինս ընկերությունը եւ Համաշխարհային Բանկի խմբի Միջազգային Ֆինանսական Կորպորացիան։

Նախապատրաստական աշխատանքների ամփոփումից հետո Շնող ՀԷԿ-ի կառուցման աշխատանքները կավարտվեն 4 տարվա ընթացքում: