Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման ալ Սաուդն այնպիսի վտանգավոր խաղեր է խաղում, որ դրանց հետեւանքների մասին ոչ ոք չգիտի։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է ռուսաստանցի արեւելագետ, Մերձավոր Արեւելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։

Նրա խոսքով՝ շատ հնարավոր է, որ դա Իրանի հետ մեծ պատերազմով ավարտվի։ «Կվերջանա արդյոք նրանով, որ Սաուդյան Արաբիան կփլուզվի, երբ ներկայիս ժառանգորդը ստանձնի իշխանությու՞նը։ Դա ոչ ոք չգիտի։ Նույնպես հնարավոր է։ Այս աշխարհում ոչինչ չի կարելի բացառել»,– նշել է Սատանովսկին՝ հավելելով, որ եթե Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը որոշում կայացնի ռմբակոծել ինչ–որ մի երկիր, ապա նրանք դա կանեն ճիշտ այնպես, ինչպես Եմենի դեպքում։

Իսկ հիմա փորձագետի կարծիքով Ալ Սաուդը որոշել է «մաքրել» Լիբանանի հաշիվները, քանի որ կարծում է, որ այնտեղ կարելի է կռվեցնել Իսրայելին եւ Իրանին։ «Ո՞վ է հասկանում 30 տարեկան մարդու տրամաբանությունը, որը պատրաստ է թագավոր դառնալ, իսկ ամբողջ թագավորությունը դա չի ուզում։ Կալանավորումներ, առգրավումներ։ Չգիտես, թե ինչ կլինի»,– եզրափակեց մասնագետը։

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին, Էր Ռիյադում գտնվելու ժամանակ՝ նոյմեբերի 4-ին, հայտարարել էր իր հրաժարականի մասին:

Լիբանանի նախագահ Միշել Աունը, հայտարարել էր, որ ինքը սպասելու է քաղաքական գործչի վերադառնալուն` հրաժարականի բացատրությունը տալու համար: «Հիզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահն ասել է, որ Սաուդյան Արաբիայում պետք է փնտրել Հարիրիի հրաժարականի պատճառները: