Քիչ առաջ Երեւանի Ավագանու նիստում նոր քաղաքապետ է ընտրվել «Հայռուսգազարդ» ընկերության ղեկավար Կարեն Կարապետյանը: Նրա թեկնածությանը կողմ են քվեարկել 50, դեմ՝ 1 մարդ:

Երեկ՝ դեկտեմբերի 16-ի ուշ երեկոյան ՀՀԿ խորհուրդը միաձայն որոշել էր, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնում կուսակցությունն առաջարկում է «Հայռուսգազարդ» ընկերության նախագահ Կարեն Կարապետյանի թեկնածությունը:

Մինչ այդ նշվում էր, որ ՀՀԿ-ում այդ պաշտոնի համար քննարկվում է երկու թեկնածություն. Կարեն Կարապետյանի եւ Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանի: Դեռ 3 օր առաջ NEWS.am-ը հայտնել էր, որ ամենայն հավանականությամբ, Երեւանի հաջորդ քաղաքապետը հենց Կարեն Կարապետյանն է լինելու:

Հաշվի առնելով, որ Երեւանի ավագանում ՀՀԿ-ն ունի բացարձակ մեծամասնություն՝ 35 մանդատ, ապա ակնհայտ էր, որ Կարեն Կարապետյանի թեկնածության քվեարկությունը Երեւանի Ավագանու նիստում կրելու է զուտ ձեւական բնույթ:

Այդուհանդերձ, քաղաքապետի ընտրություններն առանց զավեշտի չեն անցել: Բանն այն է, որ ըստ ընտրակարգի, կողմ քվեարկողները քվեաթերթիկի վրա նշում են անում «դեմ» գրառման վրա, իսկ դեմ քվեարկելու դեպքում՝ «կողմ» գրառման վրա: Քվեարկության ընթացքում եղել է այդպիսի մեկ քվեաթերթիկ, եւ ընտրություններից հետո բավական երկար ժամանակ Երեւանի ավագանու անդամները քննարկում էին՝ միգուցե քվեարկողներից մեկը կողմ քվեարկելիս շփոթվել է եւ նշում արել հենց «կողմ» գրառման վրա: Բանը հասել է այնտեղ, որ ավագանու անդամներին առաջարկել են, որ «դեմ քվեարկողն» արձագանքի եւ տեղյակ պահի, թե ինչպես է քվեարկել: Բնականաբար որեւէ մեկը չի համարձակվել արձագանքել, եւ ավագանին որոշել է այդ մեկ քվեաթերթիկը գրանցել որպես Կարեն Կարապետյանի դեմ քվեարկված:

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնից իր դիմումի համաձայն ազատվել էր Գագիկ Բեգլարյանը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին ծեծի ենթարկելուց հետո:

Ստորեւ ներկայացնում ենք Կարեն Կարապետյանի կենսագրությունը.

Ծնվել է 1963թ. օգոստոսի 14-ին:

1970-1980 թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի Լ. Տոլստոյի անվան միջնակարգ դպրոցը:
1980-1985թթ. սովորել եւ գերազանցության դիպլոմով ավարտել է Երեւանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը:
1985-1996թթ. աշխատել է ՀՀ պետպլանի հաշվողական կենտրոնում, գիտության եւ մշակույթի գործիչների ասոցիացիայում: Միաժամանակ դասավանդել է ԵՊՀ-ում:
1996-1998թթ. աշխատել է «Հայէներգո» ՊՁ-ում` որպես գլխավոր տնօրենի տեղակալ:
1998-2001թթ՝ «Հայէներգո» ՓԲԸ-ում՝ որպես գլխավոր տնօրեն:
2001թ. նշանակվել է ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ:
2001թ.-ից` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Վարչության Նախագահ-Գլխավոր տնօրեն:
1989 թ. շնորհվել է տնտեսագիտության թեկնածուի կոչում, ունի 17 գիտական աշխատանք:
2006թ. ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Անանիա Շիրակացու» մեդալով:
2008թ.-ին ընտրվել է «Առէկսիմբանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ:
2008թ. ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Անանիա Շիրակացու» մեդալով:
2010թ.-ին շնորհվել է տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի