Սաուդյան Արաբիայում տեղի են ունենում բավականին հետաքրքիր գործընթացներ: Նոյեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց արեւելագետ Սարգիս Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ երիտասարդ ժառանգորդ արքայազն Մուհամմեդ բին Սալմանն իր դիրքերն է ամրապնդում՝ Սաուդյան Արաբիայում լիարժեք իշխանության ձգտելով: «Իշխանությունը կարող է Սալման իբն Աբդուլ Ազիզից անցնել որդուն՝ Մուհամմեդ բին Սալմանին»,- ասաց փորձագետը՝ նշելով, որ Սաուդյան Արաբիայում կալանավորված արքայազնները թագավորի որդիներ չեն, սակայն երկրում բավականին մեծ ազդեցություն ունեին:

Արեւելագետը նշեց, որ Մուհամմեդ բին Սալմանի ակտիվ դիրքորոշումը հուշում է, որ երկրում ուժեր կային, որոնք հանդես էին գալիս Սաուդյան Արաբիայի վարած արտաքին քաղաքականության դեմ, եւ այս ուժերին հզոր հարված հասցվեց՝ պայմանավորված պաշտոնյաների, նախարարների եւ թագավորական ընտանիքի անդամների զանգվածային կալանավորումներով:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին Սաուդյան Արաբիայի իշխանությունները ձերբակալել են թագավորական ընտանիքի անդամների, ինչպես նաեւ տասնյակ պաշտոնյաների եւ բիզնեսմենների, որոնց թվում եղել են գործող եւ նախկին նախարարներ: Նրանց մեղադրել են փողերի լվացման, իշխանության չարաշահման, կաշառակերության, վատնումների եւ այլ հանցագործությունների մեջ: