Լիբանանի վարչապետի՝ Սաուդյան Արաբիայում գտնվելը պայմանավորված է  Էր Ռիադի կողմից վարվող հակաիրանական քաղաքականությամբ: Նոյեմբերի 16-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, այդպիսի կարծիք է հայտնել արեւելագետ Սարգիս Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին բավականին երկար ժամանակ օգտվում էր Սաուդյան Արաբիայի իշխանությունների աջակցությունից:

 «Մենք գիտենք, որ Լիբանանում Սաադ Հարիրիի վարչապետության ժամանակահատվածում ի պատասխան ակտիվացան շիաները եւ հատկապես  «Հիզբոլլահը», ինչը ձեռնտու չէր Սաուդյան Արաբիային», - հստակեցրել է Գրիգորյանը:

Փորձագետը նշել է, որ Իրանի եւ Սաուդյան Արաբիայի ավանդական մրցակցության պատճառով տարածաշրջանում սաուդականները որոշել են ամրապնդել իրենց իշխանությունը Լիբանանում՝ փորձելով վերադասավորել առաջնորդներին եւ առաջադրել երկրի՝ Էր Ռիադին ավելի հավատարիմ նոր ղեկավար, որը «Հիզբոլլահի» նկատմամբ  ակտիվ ու կոպիտ քաղաքականություն կվարի՝ ներկայացնելով շիական  Իրանի շահերը: