Վանաձորի ավագանին չի լուծարվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանն՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի որոշմանը:

Հիշեցնենք, որ ՍԴ որոշմամբ ՏԻՄ օրենսգրքի դրույթները հակասահմանադրական են ճանաչվել, որի հիման վրա  քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը նիստեր էր գումարում:  «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, քաղաքապետի թեկնածու Քրիստ Մարուքյանը մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ Մամիկոն Ասլանյանը հենց այդ դրույթով էր նիստ գումարել, մինչդեռ ընդդիմության՝ նիստին չներկայանալու պարագայում համապատասխան քվորում չէր ապահովվելու, ինչը ենթադրում էր, որ ավագանին պետք է լուծարվեր: Իսկ Մամիկոն Ասլանյանը այդ հակասության հիման վրա  է շարունակել պաշտոնավարել:

Հարցին՝ արդյոք սա չի նշանակում, որ պետք է լուծարվի ավագանին եւ նոր ընտրություններ հայտարարվեն, Բաղդասարյանը պատասխանեց. «Սահմանադրական դատարանը որոշել է, որ հակասություն կա Սահմանադրության եւ ՏԻՄ օրենքի միջեւ, իսկ Մամիկոն Ասլանյանը խախտում չի կատարել, այլ առաջնորդվել է ՏԻՄ օրենքով, մինչեւ մարտի 31-ը ժամանակ կա, որ ՏԻՄ օրենքը համապատասխանեցվի Սահմանադրությանը, եւ եթե դրան համապատասխան ավագանու նիստը չգումարվի, նոր հետեւություններ պետք է անենք»։