Այսօր՝ դեկտեմբերի 17-ին կվերաբացվի Վրաստանի եւ Ռուսաստանի սահմանագծին գտնվող Վերին Լարս անցակետը, որը սովորաբար փակ է լինում ձմռան ամիսներին։ Այդ մասին NEWS.am-ին տեղեկացրին «Սպայկա» ընկերությունից։ Մարկետինգի բաժնի պետ Լիաննա Թամրազյանի տեղեկացմամբ՝ Վերին Լարս անցակետի բացումը հնարավոր է եղել «Սպայկա» ընկերության ձեռքբերած հատուկ ձնահավաք մեքենայի շնորհիվ։

Վերին Լարս անցակետով «Սպայկան» մտադիր է դեկտեմբերին Ռուսաստան արտահանել կաղամբ։ Ռուսաստանում այս տարի կաղամբի եւ այլ բանջարաբոստանային կուլտուրաների մեծ պահանջ կա՝ կապված երաշտի հետ։ Սակայն նույնիսկ նորմալ բերքատվության տարիներին էլ Ռուսաստանը կաղամբ ներմուծում է, հիմնականում՝ Լեհաստանից:

Լ. Թամազյանի տեղեկացմամբ՝ հայկական կաղամբը որակով է, արդեն ճանաչվել է նոր շուկայում եւ հաստատուն դիրքեր գրավել։ Ուստի ընկերությունում համոզված են, որ մյուս տարիներին եւս կաղամբ կարտահանվի։ Ռուսաստանում կաղամբի մեծածախ գինը 16-20 ռուբլու (188-235 դրամ) միջակայքում է՝ 1 կգ-ի դիմաց։ Նշենք, որ կաղամբի արտահանումներն սկսել են մոտ 1 ամիս առաջ: