Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Այս մասին տեղեկանում ենք նախագահականի պաշտոնական կայքէջից։

 Սերգեյ Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նշանակմանը։

«Ուրախ եմ, որ տարիներ ի վեր զբաղվելով միջազգային հարաբերությունների, մասնավորապես, եվրոպական և եվրոատլանտյան քաղաքականության ուսումնասիրությունների հարցերով ներկայացնելու եմ Հայաստանը մի երկրում, որը հանդիսանում է աշխարհագրորեն ամենամոտ ԵՄ, ինչպես նաև Սևծովյան տարածաշրջանում ՆԱՏՕ անդամ ամենաակտիվ երկրներից մեկը։

Մեր երկրի հետ պատմական դարավոր սերտ և ջերմ կապերի հետ մեկտեղ Ռումինիան նաև առաջին երկիրն է, որի հետ Հայաստանը դեռ 1991թ․ դեկտեմբերի 17-ին հաստատել է դիվանագիտական հարաբերություններ։ Պատահական չէ նաև, որ Հայաստանը Ռումինիայում ի սկզբանե ներկայացրել են ամենափորձառու և արհեստավարժ դիվանագետները, ինչը շատ պարտավորեցնող է և ավելի մեծ պատասխանատվություն է պահանջում»: