«Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի նախօրեին, որը տեղի կունենա Բրյուսելում նոյեմբերի 24-ին, յուրաքանչյուրն, ով ուշադիր հետեւում է իրադարձություններին, երկու հարց է տալիս`արդյոք Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բրյուսել կժամանի, եւ արդյոք Երեւանը կստորագրի ԵՄ-Հայաստան  շրջանակային համաձայնագիրը՝ հաշվի առնելով այն, որ 2013-ին այն չստորագրվեց:  Այս մասին նշվում է «New Europe» թերթի կայքում հրապարակված Վիոլետա Ռուշեւայի հոդվածում:

Հոդվածի հեղինակը նշում է, որ չնայած «Եվրոպայի վերջին բռնապետ» Լուկաշենկոյի՝ գագաթաժողովին մասնակցելու ծրագրերի մասին հստակ պատկերացումներ չկան,  կասկած չկա, որ Հայաստանը մտադիր է ԵՄ հետ քաղաքական եւ տնտեսական կապերը ամրապնդել:

 «Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի նախատեսված ստորագրումը կլինի ԵՄ-ին մոտենալու Հայաստանի երկրորդ փորձը:

 Առաջինը 2013 թվականին ձախողվեց, երբ Բրյուսելի եւ Երեւանի միջեւ եռամյա բազմակողմ համագործակցությունից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարվեց ստորագրել ԵՄ հետ համաձայնագիր: Փոխարենը նա հայտարարեց, որ Հայաստանը կմիանա Եվրասիական տնտեսական միությանը: Տեղեկացվում է, որ որոշումը կայացվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, ով իր հայ գործընկերոջը Ռուսաստանի գլխավորությամբ Մաքսային միության անդամ դառնալու կոչ է արել», - գրում է լրագրողը:

Ըստ նրա, Երեւանի քաղաքական եւ տնտեսական նախասիրությունների նման արագ փոփոխությունը ԵՄ բյուրոկրատների համար սառը ցնցուղ է դարձել: Այն ժամանակ ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն չկարողացավ թաքցնել իր հիասթափությունը՝ հայտարարելով, որ ասոցացման համաձայնագիրը «այլեւս բանակցային սեղանի վրա չէ, քանի որ Հայաստանը ԵՏՄ-ին միանալու որոշում է կայացրել»: Չնայած դրան՝ նա հաստատեց Եվրամիության աջակցությունը Հայաստանում քաղաքացիական հասարակության հետ երկխոսությունը շարունակելու համար:

Հեղինակը նշում է, որ ոմանց համար Սարգսյանի որոշումը անսպասելի էր առաջին հայացքից, բայց դա հազիվ թե զարմացներ այն մարդկանց, ովքեր ծանոթ են այս փոքր երկրի տնտեսական վիճակին: «Ծովի ելք չունեցող Հայաստանը, որը քիչ քանակությամբ բնական ռեսուրսներ ունեցող երկիր է, վաղուց արդեն կախված է սննդամթերքի, նավթի եւ բնական գազի ներմուծումից:

 Թուրքիայի հետ փակ սահմանը, Ադրբեջանի հետ բարդ հարաբերությունները (Լեռնային Ղարաբաղի երկարատեւ հակամարտության պատճառով) եւ Թուրքիայի կողմից Բաքվի քաղաքականության աջակցությունը չեն օգնում ապահովել Հայաստանի տնտեսական բարգավաճումը:

Հաշվի առնելով այդ հանգամանքները՝ այս փոքրիկ քրիստոնյա երկիրը այլ տարբերակ չուներ, քան Ռուսաստանից աջակցություն որոնել», - գրում է հեղինակը:

Նա հիշեցնում է, որ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն առեւտրային գործընկերը, որը նույնպես մեծապես կախված է Մոսկվայի հիմնական գործիքից՝ գազից, չխոսելով անվտանգության ոլորտում սերտ համագործակցության մասին: