Այս տարվա անցած ամիսներին մի շարք սննդամթերքների մանրածախ գներն անշեղորեն   աճում էին։ Հիշեցնենք, որ վերջին տարիներին բնորոշ էր գնաճի համեմատաբար ցածր մակարդակը, որը երբեմն նույնիսկ գնանկման էր վերածվում։ Բանն այն է, որ տասնյակ հազարավոր ընտանիքների եկամուտներն այդ ժամանակահատվածում նկատելիորեն կրճատվել էին՝ Ռուսաստանից դրամական փոխանցումների անկման պատճառով։ Գումարների հոսքի նվազման առաջին նշանները հայտնվել են դեռ 2014 թ․։ Հետո Ռուսաստանից փոխանցումների ճգնաժամը սկսեց ձգձգվել, իսկ դրա ծավալները՝ ավելացան։

Մեր ԿԲ-ի ավելի վաղ իրականացրած հետազոտության տվյալներով՝ փոխանցվող գումարները հիմնականում ծախսվում են ընթացիկ կարիքների համար, այդ թվում ու հատկապես՝ սննդամթերքի գնման։ Դրա համար էլ փոխանցումների հոսքի հետ կապված խնդիրը հանգեցրել է միանգամայն կանխատեսելի հետեւանքների։ Շուկայում կրճատվել է  վճարունակ պահանջարկը, ու առեւտրականները ստիպված են եղել պահպանել ու նույնիսկ մի քիչ նվազեցնել գները՝ ապրանքների իրացման համար։ Իրավիճակը փոխվել է ընթացիկ տարում, եր բ Ռուսաստանից փոխանցումների պատկերը մի քիչ լավացել է։

Նախ նշենք, որ տարբեր ապրանքների թանկացման պատճառները տարբեր են։ Կան սննդամթերքներ, որոնց ապրանքային ռեսուրսները գրեթե ամբողջությամբ ձեւավորվում են ներմուծման հաշվին։ Օրինակ սերուցքային կարագը։ Այստեղ կարծես ասելու բան չկա՝ ներմուծվող ապրանքը արտասահմանում է թանկացել ։ Սակայն տրամաբանական հարց է ծագում՝ ինչպես է մաքսատնից մանրածախ խանութ ճանապարհին այդ ապրանքի գինը կրկնակի թանկանում։

Մեկ այլ հարց է տավարի մսի գինը։ Բացի անասնակերի ու հիվանդությունների հետ կապված ավանդական խնդիրներից՝ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի վրա անդրադարձել է նաեւ դրա արտահանումը։ Այդ գործոնը, իհարկե, պետք է բացասաբար ազդեր ներքին շուկայի համար տավարի մսի արտադրության ծավալի վրա։ Նկատենք, որ բացի նշվածներից, թանկացել են նաեւ այլ կարեւոր սննդամթերքներ՝ մի շարք կաթնամթերքներ, թարմ ձուկը եւ այլն։ Բայց, գների աճը այդ ապրանքներով չի սահմանափակվում։ Այստեղ կա մեկ ոչ պակաս կարեւոր նրբերանգ։

Մանրածախ առրտրի մեջ հաճախ է կիրառվում «խորամանկ» հնարք՝ այս կամ այն ապրանքների գները, առանց հիմնավորումների, կամայականորեն բարձրացնում են։ Ասենք մի քանի «աննկատ» դրամով։ Սպառողները շարունակում են գնել թանկացած ապրանքները ու որոշ ժամանակ անց վաճառողները նորից են բարձրացնում գները։ Ընդ որում ապրանքների մեծ շրջանակի վրա։ Ու արդյունքում այդ «մի քանի դրամը» գնորդների ծախսերում բավականին կլորիկ գումար են կազմում։

Վատ օրինակը վարակիչ է։ Մյուս մանրածախ ձեռնարկությունները, նկատելով նման գների աճ «մրցակցի» մոտ, հետեւում են նրանց օրինակին։ Արդյունքում առաջանում է այսպես ասած «դոմինոյի էֆեկտ»։ Ընդ որում չի բացառվում, որ այս պրոցեսը, բացի մանրածախից, կարող է ներառել նաեւ մեծածախ օղակը, նաեւ տեղական արտադրողներին։

Բացի դրանից, փոքր բնակավայրերում կա ուրիշ խնդիր՝ մրցակցության բացակայությունը։ Այսինքն որոշ ապրանքների մանրածախ առեւտրում մենաշնորհ է գործում։ Առաջին հայացքից ծիծաղելի է հնչում՝ մոնոպոլիստ ինչ- որ փոքրիկ գյուղում։ Սակայն ոչ այն գյուղացիներ համար, որոնք ստիպված են այդ ապրանքները գնել բավականին բարձր գնով։

Այն պայմաններում, երբ մոտ ապագայում նախատեսված չէ նվազագույն աշխատավարձի ու կենսաթոշակների բարձրացում, գների նման մանիպուլացումը ծանր կանդրադառնա ու արդեն անդրադառնում է մեր հասարակության մեծ մասի կենսամակարդակի վրա։ Դրա համար էլ գների խնդրի լուծումը պահանջում է պատշաճ ու անհապաղ ուշադրություն իրավասու մարմինների կողմից ։

Սմբատ Գրիգորյան