Դիլիջանում համաքաղաքացու սպանելու մեղադրանքով 5 տարի, 4 ամիս ազատազրկման դատապարտված Վրեժ Հախվերդյանի համար մեղադրողն ավելի խիստ պատիժ է պահանջում: Նա դիմել է Վերաքննիչ դատարան եւ պահանջում է բեկանել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռն ու Վրեժ Հախվերդյանին դատապարտել ավելի խիստ պատժի:

Վրեժ Հախվերդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2009թ հոկտեմբերի 25-ին ժամը 21-ի սահմաններում Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի 181-րդ շենքի 5-րդ բնակարանում, վիճաբանել է Դիլիջան քաղաքի բնակիչ՝ Գուրգեն Մելքումյանի հետ, որի ընթացքում վերցնելով սեղանին դրված խոհանոցային դանակը սպանելու դիտավորությամբ հարվածել եւ սպանել է վերջինին:

Բացի այդ Վրեժ Հախվերդյանը 2009թ հոկտեմբերի վերջերին առանց համապատասխան փաստաթղթերի ապօրինի հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը՝ այդ կերպ խախտելով պետական սահմանի անձեռնամխելիությունը

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104-րդ հոդված 1-ին մասով՝ Սպանությունը եւ 329-րդ հոդվածի 1-ի մասով՝  Պետական սահմանն ապօրինի հատելը: