Երեքշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գները բարձրանում են, սակայն դինամիկան թույլ է շաբաթվա ընթացքում ԱՄՆ նավթային պաշարների վիճակագրական տվյալների վերաբերյալ ներդրողների ակնկալիքների եւ Վիեննայում ամսվա վերջին ՕՊԵԿ+ երկրների նավթի եւ էներգետիկայի նախարարների հանդիպման ֆոնին: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսները աճել են 0,13 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 62,30 դոլարի, WTI տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների գինն աճել է 0,12 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 56,49 դոլար:

Նավթի արժեքը կորուստները վերականգնում է մեկ օր առաջ տեղի ունեցած էժանացումից հետո, որն առաջացել էր  ՕՊԵԿ մեջ մտնող եւ չմտնող (ՕՊԵԿ+) երկրների արդյունահանման կրճատման վերաբերյալ գործարքով ներդրողների մտահոգությամբ: Թրեյդերների գլխավոր մտահոգությունն է 2018 թվականի մարտից հետո գործարքի հնարավոր երկարացումը:

ՕՊԵԿ+ երկրները նավթի շուկայի կայունացման նպատակով 2016 թվականի վերջին Վիեննայում պայմանավորվել են նավթի արդյունահանումը անցյալ տարվա հոկտեմբերի մակարդակից օրական ընդհանուր 1,8 մլն բարելով կրճատել, որից 300 հազարը բաժին է ընկնում Ռուսաստանին: Համաձայնագիրը կնքվել էր 2017 թվականի առաջին կիսամյակի համար, իսկ մայիսին երկարացվել է եւս 9 ամսով՝ մինչեւ 2018-ի մարտի վերջ:

Հիմա շուկան սպասում է նավթի արդյունահանման կրճատման համաձայնագրին միացած ՕՊԵԿ-ի մեջ մտնող եւ չմտնող 24 երկրների նավթի եւ էներգետիկայի նախարարների հանդիպմանը, որը տեղի է ունենալու նոյեմբերի 30-ին Վիեննայում: Հանդիպման նախօրեին՝ նոյեմբերի 29-ին տեղի կունենա ՕՊԵԿ+ գործարքի կատարման դիտարկման եւ դրա պայմանների շտկման նախարարական կոմիտեի նիստը: