Նախօրեին՝ նոյեմբերի 20-ին, Հայաստան ժամանած Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր՝ նոյեմբերի 21-ի առավոտյան հանդիպել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, որից հետո մեկնարկել է նրանց համատեղ մամուլի ասուլիսը:

Նախօրեին Լավրովն օդանավակայանից ուղեւորվել է Ծիծեռնակաբերդ համալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանում Լավրովը իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի  եւ նախագահ Սերժ Սարգսյանի հետ  կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները։ «Երկկողմ բանակցությունների օրակարգում ընդգրկված է երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ՝ արտաքին  քաղաքականության փոխգործակցությունը` ԵՏՄ, ՀԱՊԿ եւ ԱՊՀ հարցերով, ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրախորհրդի, ՍՏՀԿ եւ այլ միջազգային համաժողովների շրջանակներում դիրքորոշումների համակարգումը:

Արտաքին գործերի նախարարները կքննարկեն տարածաշրջանային անվտանգության խնդիրները, այդ թվում`Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները», - նշել էին Ռուսաստանի ԱԳՆ-ից։

Հիշեցնենք, որ Սերգեյ Լավրովը Երեւան է ժամանել Բաքվից, որտեղ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ոչ մեկին ձեռնտու չէ. «Անհրաժեշտ է լուծումներ փնտրել, առավել եւս, որ շատ ու շատ ուղղություններ, որոնք պետք է արդյունքի հանգեցնեն, արդեն ուրվագծվել են»,- ասել է նա: Լավրովը նաեւ հայտարարել է, որ ուրախ կլիներ Ադրբեջանին տեսնել ԵՏՄ կազմում: