ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են մի շարք հափշտակություններ, 2 անձի առաջադրվել է մեղադրանք։ 2017 թվականի նոյեմբերի 16-ին ահազանգ է ստացվել, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է էրեբունի վարչական շրջանի  բնակարաններից մեկի դուռը եւ գաղտնի հափշտակել ապակյա տարա, որի մեջ եղել է կանխիկ գումար՝ 500 դրամ անվանական արժեքով մետաղադրամներ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով։ Ստեղծվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան եւ ձեռնարկվել անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝  բնակարանային գողությունը բացահայտելու ուղղությամբ։ Արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնության վերաբերյալ, ովքեր հանդիսանում են Երեւան քաղաքի բնակիչներ՝ ծնված 1990 եւ 1994 թթ։

Բազմակողմանի քննության արդյունքում պարզվել է, որ նույն անձանց կողմից կատարվել են բազմաթիվ այլ հափշտակություններ եւս՝ Երեւանի տարբեր վարչական շրջաններում. բացահայտվել է գողության 10 դրվագ, հստակեցվել նրանցից յուրաքանչյուրի դերակատարությունը։  Ըստ դերաբաշխման՝ երիտասարդներից մեկը հետեւել է մարդկանց շարժին, իսկ մյուսն իրականացրել հափշտակությունը։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ նույն խմբի կողմից կատարված հնարավոր այլ հանցավոր արարքները, դրանց կատարմանը այլ անձանց հնարավոր առնչությունը պարզելու ուղղությամբ։