Ռուսաստանյան «Զվեզդա» հեռուստաընկերության ղեկավարությունը պաշտոնական նամակով դիմելէ  հայկական կողմին։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Խոսելով «Զվեզդա» ռուսաստանյան հեռուստաընկերության եթերում, Հայաստանի, ՀՀԿ-ի եւ Նժդեհի հասցեին հնչած արտահայտությունների մասին՝ Շարմազանովը նշել է, թե «Զվեզդա»-ի ղեկավարությունը պաշտոնական նամակով դիմել է հայկական կողմին, ընդունել, որ եղել է ոչ կոռեկտ գնահատական։

«Մեր գնահատականը հետեւյալն է, այդ հեռուստաեթերի ընթացքում հնչած ոչ կոռեկտ գնահատականները չեն բխում հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններից։ Դրանք հարիր չեն, մեր խողովակներով պետությունը դիրքորոշումը հայտնել է։ Ավարտված համարենք ինցիդենտը»,- ասել է Շարմազանովը եւ հավելել. «Նժդեհը մեր ազգի մեծագույն հերոսներից է, ի շնորհիվ նրա մենք ունենք անկախ Սյունիք, հաղթանակած Ղարաքիլիսա»։