Մոտ 900 մլն դոլարի լայնածավալ ներդրումային ծրագրի իրականացումը ազդեցություն չի ունենա «Հայաստանի էլեկտրական ցանցերի» սակագնային մարժայի վրա։ Այդ մասին նոյեմբերի 22-ին կայացած ասուլիսում հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ, «ՀԷՑ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը (ֆոտոռեպորտաժ

Նրա խոսքով, ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ սկզբնապես արձանագրել է մարժան, որն անփոփոխ կմնա մինչեւ ներդրումային ծրագրի իրականացումը՝ 2028թ.։ Նա հստակեցրել է, որ մարժայի չափը էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտում կազմում է 11,7 դրամ, իսկ այսօր խոսքը գնում է 49 մլրդ դրամի մասին։ «Մեր եկամտի որոշ մասը մենք փոխանցել ենք 2028-ից հետո ժամանակաշրջանի վրա, որպեսզի սակագնային մարժան չաճի մեր ներդրումների արդյունքում։ Խոսքը ոչ թե էլեկտրաէներգիայի սկագնի մասին է, այլ «ՀԷՑ»-ի տրամադրած մարժայի, քանի որ սակագների չափի համար մեր ընկերությունը չի կարող պատասխանատվություն կրել»,- հստակեցրել է Դարբինյանը։

Նա հավելել է, թե բազմամիլիոնանոց ներդրումների հիմնական նպատակն է բաժանորդներին որակյալ էլեկտրաէներգիա մատակարարելը։ Հենց այդ ուղղությամբ (լարման հաճախակի տատանումների, վթարների հետեւանքների վերացման տեւական ժամկետների եւ այլնի) վերաբերյալ էլ ստացվում են բնակիչների բազում բողոքները։ Ներդրված միջոցները, ըստ «ՀԷՑ» տնօրենների խորհրդի նախագահի, կբերեն որակական փոփոխություններ, ինչի արդյունքում Հայաստանը լավագույն միջազգային չափորոշիչներին համապատասխանող բաշխիչ ցանց կստանա՝ ինչպես սպասարկման,այնպես էլ տեխնիկական սարքավորվածության առումով։

«Դրա հետ մեկտեղ նվազելու է ցանցում էլեկտրաէներգիայի կորուստները։ Բավարար է ասել, որ այդ ցուցանիշի մեկ տոկոսանոց նվազման դեպքում մենք լրացուցիչ միջոցներ կստանանք ողջ բաշխիչ ցանցում՝ 4-5 մլն դոլարի չափով»,- ամփոփել է Կարեն Դարբինյանը։