Հայաստանյան ամենախոշոր էներգարտադրող ընկերություններից մեկը՝ Հրազդանի ՋԷԿ-ը կսկսի աշխատել մինչեւ 2019 թվականը։ Դրանից հետո որոշում կկայացվի դրա հետագա ճակատագրի վերաբերյալ։ Այդ մասին նոյեմբերի 22-ին կայացած ասուլիսում հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ, «ՀԷՑ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը։

Հիշեցնենք, որ անցած տարվա ընթացքում իրականացվում էր Հրազդանի ՋԷԿ-ի բոլոր համակարգերը «Ինտեր ՌԱՕ»-ից «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերությանը փոխանցումը։ Այդ ընկերությունը գրանցված է Կիպրոսում եւ պատկանում է  «Տաշիր» ընկերությունների խմբին։Գործընթացն ամբողջությամբ ավարտվել է 2017թ. հունվարին, ինչից հետո Հրազդանի ՋԷԿ-ը կրկին փոխել է սեփականատիրոջը՝ մնալով, սակայն, «Տաշիր» խմբի կազմում։

Հրազդանի ՋԷԿ-ը «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ին վաճառելու համապատասխան որոշումը կայացվել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ մարտի 29-ի  նիստում։ Հրազդանի ՋԷԿ-ի այդ ժամանակվա ղեկավարությունը նշում էր, թե կայանում սարքավորումները ծայրահեղ մաշված են եւ փոխանակման ու արդիականացման կարիք ունեն։