ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Հանձնախումբը լավատեսորեն է տրամադրված Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համաձայնագրի ստորագրման կապակցությամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Հանձնախմբի հաղորդակցության եւ հանրային կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանը։

Նա նշել է, որ դա շատ կարեւոր համաձայնագիր է եւ հատկապես կարեւոր է քաղաքական տեսանկյունից։ «ԵՄ-ն ուզում է լուրջ դեր խաղալ Հայաստանում բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության գործընթացում»,- ընդգծել է Շիրինյանը։

Նրա խոսքով՝ համաձայնագրի ստորագրումից հետո պետք չէ առաջընթացի եւ կոնկրետ արդյունքների սպասել հենց հաջորդ օրը, քանի որ համաձայնագիրն ուղղված է երկարաժամկետ հեռանկարներին։ «Քաղաքական առումով մենք ուշադիր կհետեւենք այն կետերին, որոնք վերաբերում են Ղարաբաղի խնդրին։ Հատկապես դա վերաբերում է ձեւակերպումներին»,- նշել է Շիրինյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին Բրյուսելում կընթանա «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովը, որի շրջանակում ակնկալվում է, որ Հայաստանը ԵՄ-ի հետ կստորագրի համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը։