Բրյուսելում նոյեմբերի 23-ին կայացած Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթաժողովի ժամանակ ընդունվել է հռչակագիր:

NEWS,am-ի թղթակիցը Բելգիայի մայրաքաղաքից հաղորդում է, որ գագաթաժողովին մասնակցում է նաեւ աշխատանքային այցով Բելգիա մեկնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Բացի ԵԺԿ-ի կազմում գտնվող քաղաքական ուժերի ղեկավարներից՝ հանդիպմանը մասնակցում են նաեւ Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկը և Ժան-Քլոդ Յունկերը, Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին: ԵԺԿ-ի այս գագաթաժողովի հիմնական թեման նոյեմբերի 24-ին կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովն է:

Ընդունված հռչակագրում կուսակցությունը մասնավորապես կարեւորել է Արեւելյան գործընկերության երկրների հետ ԵՄ-ի հարաբերությունների զարգացումը, այդ համատեքստում շեշտելով նոյեմբերի 24-ին սպասվող ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրմանը:

«ԵԺԿ-ն իր աջակցությունն է հայտնում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ նոր համաձայնագրի ստորագրմանն եւ վիզաների ազատականացման համար Հայաստանի հետ երկխոսություն վարելուն»,- մասնավորապես ասվում է հռչակագրում:

Հռչակագրում կողմերը մանրամասն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային կոնֆլիկտներին: ԵԺԿ-ն կրկին շեշտել է Եվրամիության՝ առավել ուժեղացված նշանակությունը Արեւելյան գործընկերության երկրներում կոնֆլիկտները լուծելու ուղղությամբ:

Նշենք, որ Սերժ Սարգսյանը գագաթաժողովի ժամանակ ելույթ է ունեցել, որում անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգին և հարաբերությունների զարգացման դինամիկային, Հայաստանի համար ԵԺԿ և Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթնաժողովներում քննարկվող հարցերի կարևորությանը, ԵՄ-ի հետ Հայաստանի ստորագրելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, ինչպես նաև միջկուսակցական համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքին: Նշելով, որ այս տարի լրանում է ԵԺԿ-ին ՀՀԿ անդամակցության 5-րդ տարեդարձը, Սերժ Սարգսյանը նկատել է, որ չնայած համեմատաբար կարճ ժամանակահատվածին՝ համատեղ աշխատանքի շնորհիվ ՀՀԿ-ն լիարժեքորեն ինտեգրվեց եվրոպական այս ընտանիքին: ԵԺԿ-ի հետ ՀՀԿ համագործակցությունը, Նախագահի գնահատմամբ, Հայաստանի համար դարձել է նաև եվրոպական քաղաքականությանը ներգրավման կարևորագույն հարթակներից մեկը: