Սաուդյան Արաբիայում կոռուպցիայի կասկածանքով ձերբակալված պետական վերնախավի գործնականում բոլոր ներկայացուցիչները նախընտրել են պահանջների մինչդատական կարգավորումը: Այս մասին ասել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը New York Times-ի հետ հարցազրույցում:

Գահաժառանգ արքայազնի խոսքով՝ բոլոր ձերբակալվածներին ցույց են տվել քննության նյութերը եւ առաջարկել՝ կա՛մ գործը դատարան հասցնել, կա՛մ գործարք կնքել, որին համաձայնել է նրանց 95 տոկոսը:

«Ձերբակալվածների մոտ 1 տոկոսը կարողացել է ապացուցել, որ անմեղ է, եւ նրանց դեմ գործը կասեցված է: Մոտ 4 տոկոսը հայտարարել է, որ անմեղ է եւ իրենց փաստաբանների հետ դատարան կգնան»,- նշել է բեն Սալմանը:

Արքայազնը նշել է, որ դատախազի տվյալներով՝ փոխհատուցումների վճարման շնորհիվ գանձարան մուտք կարվի մոտ 100 մլրդ դոլար, այսինքն՝ վնասի գումարին գրեթե հավասար:

Նոյեմբերին ավելի վաղ Սաուդյան Արաբիայի կոռուպցիայի դեմ պայքարի բարձրագույն կոմիտեն, որը ղեկավարում է գահաժառանգ արքայազնը, կարգադրել է ձերբակալել մոտ 40 ազդեցիկ անձանց, որոնց թվոււմ են թագավորական ընտանիքի անդամներ, նախկին նախարարներ, զինվորականներ եւ ձեռնարկատերեր: Սաուդան Արաբիայում հակակոռուպցիոն արշավի շրջանակներում անցկացող քննության առաջին տվյալներով՝ կոռուպցիոն գործողությունների հետեւանքով յուրացվել է 100 մլրդ դոլարից ավելի: