Եվրամիության  համար ակնհայտ է, որ Ռուսաստանը կենտրոնական դեր է խաղում «Արեւելյան գործընկերության» երկրների հետ հարաբերություններում, որոնց հետ մենք այսօր համաձայնագիր ենք ստորագրելու։ Այս մասին նոյեմբերի 24-ին ժամանելով «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի բացմանը՝ ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։

Կանցլերն առանձնացրել է «Արեւելյան գործընկերության» կարեւորության 2 կետերը։ «Արեւելյան  գործընկերությունը» մեծ նշանակություն ունի մեզ համար։ Մի կողմից խոսքը մարդկանց կյանքի որակի բարելավման, ժողովրդավարության զարգացման մասին է։ Մյուս կողմից դա մեր անվտանգությունն է վերաբերում։ Այդ պատճառով ես շատ ուրախ եմ, որ մենք Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ ստորագրել ենք Ասոցացման մասին համաձայնագիրը։

Հիմա Հայաստանի եւ Ադրբեջանի հետ նույնպես գործընկերության մասին համաձայնագիր կկնքենք։ Այն կլինի ոչ այնքան ինտենսիվ, ինչպիսին Ասոցացման մասին համաձայնագիրն է, բայց մենք կհամագործակցենք նրանց հետ։

Այս երկրների դեպքում մեզ համար պարզ է, որ Ռուսաստանի  հետ հարաբերությունները կենտրոնական դեր են խաղում։ Այդ պատճատով հուսով եմ, որ այսօրվա երկխոսության ընթացքում կհասկանանք, թե ինչպիսին է ներքաղաքական վիճակը այդ երկրներում»,– ասել է Մերկելը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ նոյեմբերի 24-ին, Բրյուսելում մեկնարկել է ԵՄ Արեւելյան գործընկերության (ԱլԳ) գագաթաժողովը, որը նպատակ ունի առավել խորացնել կապերը ԵՄ-ի եւ «Արեւելյան գործընկերության» 6 երկրների, այդ թվում Հայաստանի միջեւ: Այս գագաթնաժողովի հիմնական գլխավոր իրադարձությունը Հայաստանի հետ կնքվող Համապարփակ եւ ընդլայնված գործակցության համաձայնագիրն է: Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները տեւել են շուրջ երկու տարի, այն նախաստորագրվել էր այս տարվա մարտին: Սպասվում է, որ կողմերն այն կստորագրեն այսօր Բրյուսելում:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններ էին սկսվել 2010 թվականի հուլիսին, որը ներառում էր նաեւ ազատ առեւտրի գոտու ստեղծում, սակայն 2013 թվականի սեպտեմբերին Հայաստանը հայտարարել էր Մաքսային միությանն անդամակցելու մասին եւ հրաժարվել ԵՄ հետ է համաձայնագիր կնքել: Այդուհանդերձ, 2015-ին ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ նորից բանակցություններ սկսեցին՝ արդեն նոր համաձայնագիր կնքելու շուրջ: