Ռուսաստանը հույս ունի ԵՄ փորձագետների մակարդակով հարցերի լայն շրջանակի շուրջ խորհրդատվություններ անցկացնել՝ սկսած թմրանյութերի ապօրինի շրջանառությունից մինչեւ ԵՄ ընդլայնումը։ Այս մասին Euractiv–ին տված հարցազրույցում ասել է ԵՄ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ դեսպան Վլադիմիր Չիժովը։

Հարցին, թե Ռուսաստանը ԵՄ ընդլայնման մասով որեւէ ասելիք ունի, Չիժովը պատասխանել է. «Իհարկե, դա մեզ հետաքրքրում է»։

«Շատ երկրներ ձգտում են մտնել ԵՄ  (թեպետ մեր օրերում ԵՄ ընդլայնումը  գլխավոր առաջնայնություններից չէ), լինեն դրանք Արեւմտյան Բալկանյան երկրները, թե անգամ Թուրքիան։ Նրանք ՌԴ լավ առեւտրա–տնտեսական գործընկերներն են, այդ պատճառով մենք ուշադիր հետեւում ենք, թե ինչ է կատարվում»,– նշել է դեսպանը։

Նա հավելել է, որ իրենք նաեւ հետեւելու են «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովին, քանի որ ինչպես իրենք ասել էին դեռեւս 2009-ին, երբ առաջին անգամ հայտնվեց «Արեւելյան գործընկերությունը», Ռուսաստանն իրեն չի համարում այդ քաղաքականության ո՛չ սուբյեկտ, ո՛չ օբյեկտ։

«Բայց, իհարկե, հաշվի առնելով, որ ԱլԳ բոլոր երկրները մեր հարեւաններն են, եւ որ մենք նրանց հետ շատ կապեր ունենք, իսկ ոմանք ԵՏՄ անդամներ են (Բելառուս, Հայաստան), եւ, իհարկե, քանի որ նրանք որոշակի պարտականություններ են ստանձնել, այդ պատճառով այն ամենը, ինչ նրանք անում են ԵՄ–ի հետ, չպետք է խախտի այդ պարտավորությունները։ Դա ասելով՝ ես պետք է ընդգծեմ, որ մենք այդ երկրներից որեւէ մեկի կամ որը ԵՄ–ի հետ հարաբերություններ կառուցող այլ երկրների դեմ ոչինչ չունենք։ Ի տարբերություն ՆԱՏՕ–ի ընդլայնմանը՝ ԵՄ ընդլայնման դեմ մենք ոչինչ չունենք»,– ասել է նա։