Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստի վերջում այսօր գործով ամբաստանյալ Սեֆիլյանը հանդես եկավ հայտարարությամբ։ Նա  հայտարարեց, որ դատավորն ու դատախազները ռեժիմի կամակատարներ են եւ ընդամենն իրականացնում են իշխանության պատվերը։

«Արդեն 24–րդ նիստն է, որ մենք ներկա ենք գտնվում, բայց եթե գոյություն ունենար անաչառ դատարան հաստատ մենք 24 նիստ անելու կարիք չէինք ունենա եւ կարճ  ժամանակահատվածում կավարտեինք այս գործընթացը։ Թե ինչու այսքան հետաձգվեց, դրա պատասխանը դուք եւ ձեզ պատվիրողները կիմանաք։ Ոչ մի անգամ ինձ թույլ չեք տվել, որ երկու նախադասություն արտաբերեմ, իմ կարծիքը արտահայտեմ այս ամբողջ գործընթացի հետ կապված, նույնիսկ ինձ չեք հարցրել՝ ես ընդունում եմ, այսպես կոչված, մեղադրական կողմի եզրակացությունը կամ ոչ, նույնիսկ ձեւական կողմը չեք ուզում պաշտպանել։ Այդպիսի առաջադրանք է ձեզ իջել»,–ասաց Ժիրայր Սեֆիլյանը։

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարը հայտարարեց,  որ ոտքի չի կանգնում, քանի որ դատավորնու դատախազները կատարում են իշխանության պատվերը եւ ոչ թե դատական գործընթացով են զբաղված։

«Եթե չեմ խանգարում դատական նիստերը եւ թույլ եմ տվել ինձ ֆիզիկապես այստեղ գտնվել, դա չի նշանակում, որ ես ընդունում եմ, որ սա դատարան է»,–ասաց Ժիրայր Սեֆիլյանը եւ չկարողացավ միտքը շարունակել, քանի որ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը զուգահեռ սկսեց հայտարարել, որ Ժիրայր Սեֆիլյանի խոսքը դատարանին չէ ուղղված, ելույթ է։ Նստած ելույթ ունենալու համար սանկցիա կիրառեց Սեֆիլյանի նկատմամբ։