Բոննում, նոյեմբերի 6-17-ին տեղի ունեցած ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ) 23-րդ համաժողովի ժամանակ, կրկին Ադրբեջանի ներկայացուցիչները «հիշել են» իրենց տարածքային ամբողջականության եւ իրենց երկրի 20 տոկոսի կորստի մասին:

ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը համաժողովի՝ բարձրաստիճան պաշտոնյաների համար նախատեսված հատվածում իր ելույթում հակադարձել է Ադրբեջանի պատվիրակին, նշելով. «Արցախի Հանրապությունը իր անկախությունը ստացել է այն նույն իրավական հիմքերով, ինչ Ադրբեջանը եւ եթե Ադրբեջանը իրապես ցանկանում է լուծել կլիմակայական եւ բնապահպանական խնդիրները, ապա բոլոր հնարավոր հանդիպումները չարաշահելու, սուտ եւ պատմությունը խեղաթյուրող հակահայկական քարոզչության իրականացնելու փոխարեն պետք է փորձի համագործակցել Արցախի Հանրապետություն կառավարության հետ»։

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Էրիկ Գիրգորյանը շեշտեց, որ Հայաստանը Կոնվենցիայի ներքո ձեւավորված ֆինանսական մեխանիզմներից վերջին 2016-2017թթ. արդեն ստացել է դրամաշնորհային միջոցներ` ավելի քան 21 միլիոն դոլարի չափով:

Իր հերթին, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը տեղեկացրել է, որ Կոնվենցիայի իրականացման օժանդակ մարմնի օրակարգի համաձայն, Հայաստանը 4 այլ երկրների հետ մասնակցել է Միջազգային  խորհրդատվության եւ վերլուծության ու կարծիքների փոխանակման աշխատաժողովին։

ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը աշխատաժողովում ներկայացրել է Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը, որին հաջորդել է մոտ 21 հարցադրումներ տարբեր  երկրների պատվիրակների կողմից։ Տիկին Հարությունյանը սպառիչ պատասխանել է բարձրացված բոլոր հարցերին։

Նշենք, որ 23-րդ Կողմերի կոնֆերանսին, որը նախագահում էր Ֆիջիի կառավարությունը՝ սերտորեն համագործակցելով Գերմանիայի կառավարության հետ, ներկա են գտնվել ավելի քան 16.000 մասնակիցներ, այդ թվում` 9.200 պետական պաշտոնյաներ, 5.500 ներկայացուցիչներ ՄԱԿ-ի մարմիններից, գործակալություններից եւ միջկառավարական ու քաղաքացիական հասարակության կազմակերպություններից, ինչպես նաեւ 1200 ներկայացուցիչներ միջազգային առաջատար լրատվամիջոցներից: Կոնֆերանսին հիմնականում քննարկվել է Փարիզի համաձայնագրի դրույթների կատարման առաջընթացը եւ ընդունվել են որոշումներ համաձայնագրի ներքո սահմանված մինչեւ 2°C գլոբալ ջերմաստիճանի բարձրացման պահպանման նպատակի իրականացման համար: