Զիմբաբվեում բնակվող հայերի թիվը չի գերազանցում 30-ը՝ ներառյալ աֆրիկյան այս պետությունում հաստատվածների թոռներն ու ծոռները: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության Զիմբաբվեի գրասենյակի նախկին տնօրեն Լեւոն Արեւշատյանը: Նա Զիմբաբվեում է բնակվում 1998 թվականից:

Լեւոն Արեւշատյանի փոխանցմամբ՝ Զիմբաբվեում բնակվող հայերի մի մասն արդեն քաղաքացիություն ունի, ոմանք՝ ժամանակավոր կեցության իրավունք:

Ինչպես ամենուր՝ այստեղ նույնպես կարողանում են աշխատանք գտնել: «Հայն աշխատասեր է: Այստեղ էլ աշխատում են: Բժշկության ասպարեզում կան հայեր՝ բժիշկներ, ատամնաբույժներ: Ես էլ աշխատում էի որպես համաճարակաբանության գծով խորհրդատու: Կան նաեւ բիզնեսով զբաղվող հայեր»,- պատմում է Արեւշատյանը:

Հայերը Զիմբաբվեում փոքրաթիվ են, բայց կապված են միմյանց. պարբերաբար հանդիպում են, այցելում միմյանց: «Մեծ համայնք չկա, ինչպես Հարավային Աֆրիկայում: Ի դեպ՝ այնտեղ նույնիսկ ցանկանում էին հայկական եկեղեցի կառուցել, բայց հարցը մինչեւ հիմա չի լուծվել: Հարավային Աֆրիկայում շուրջ 300 հայ կա: Այնքան էլ մեծ թիվ չէ, բայց եթե եկեղեցի ունենային, շատ լավ կլիներ»,- ասում է Լեւոն Արեւշատյանը:

Նա 20 տարի աֆրիկյան տարածաշրջանում է աշխատել՝ Նիգերիայից մինչեւ Կոնգո. գործի բերումով համաճարակաբանն աֆրիկյան ավելի քան 30 երկրում է եղել: Վստահեցնում է, որ Զիմբաբվեի նման ծաղկուն երկիր Աֆրիկայում չի տեսել:

«Այս երկիրը հրաշալի ենթակառուցվածքներ ունի՝ ճանապարհներ, կոմունիկացիաներ, հրաշալի եղանակային պայմաններ են, բժշկության մակարդակն էլ ժամանակին շատ բարձր էր: Բացի այդ, քանի որ Մուգաբեն (Զիմբաբվեի նախկին նախագահը - խմբ.) ուսուցիչ է եղել, մեծ նշանակության էր տալիս կրթությանը: Զիմբաբվեի բնակչության 90 տոկոսը գրագետ է համարվում: Սա չտեսնված բան է, աֆրիկյան ոչ մի երկրում գրագետ բնակչությունն այդքան մեծ թիվ չի կազմում: Օրինակ՝ ՀԱՀ-ում խոշոր քաղաքներ կան՝ գեղեցիկ շենքերով, բայց ես եղել եմ նաեւ գյուղական բնակավայրերում. մեծ չքավորություն է տիրում այդ երկրում: Դա համեմատում եմ Զիմբաբվեի հետ եւ կարծում եմ, որ Զիմբաբվեն աֆրիկյան տարածաշրջանի մարգարիտն է, բայց սխալ ձեռքում է հայտնվել: Եթե ճիշտ ձեռքում լինի, հրաշալի հեռանկարներ կունենա եւ կարող է լավագույն պայմաններն ապահովել բնակչության համար»,- ամփոփում է Լեւոն Արեւշատյանը: