2016 թվականին Հայաստանից արտահանման աճը 20 տոկոս է կազմել, մինչդեռ Եվրամիության շրջանակում արտահանումը 0,2 տոկոսով նվազել է: Այս մասին  նոյեմբերի 27-ին՝ ԱԺ-ում «Ելք» դաշինքի առաջարկով «Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրից Հայաստանի դուրս գալու գործընթացի մեկնարկի մասին» լսումների ժամանակ ասաց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Միջազգային տնտեսության ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր Դիանա Գալոյանը:

Նրա խոսքով՝ դրա հետ մեկտեղ, համաշխարհային շուկայում անկումը 3 տոկոս է կազմել: «2016 թվականին Հայաստանում տնտեսական աճը 2 տոկոս է կազմել՝ այն դեպքում, երբ Եվրամիության 28 երկրներում՝ ընդամենը 2,3 տոկոս, իսկ համաշխարհային տնտեսական աճը կազմել է 2,2 տոկոս»,- նշեց Գալոյանը: Փորձագետի կարծիքով՝ հիմա վաղաժամ է խոսել  ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու մասին, քանի որ դրա համար լուրջ տնտեսական փաստարկներ չկան: