Ճապոնական Kansai Electric Power Company-ն Ֆուկուի նահանգում 2011 թվականի «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում տեղի ունեցած վթարի հետեւանքով դադարեցված «Օի» ատոմակայանի երրորդ եւ չորրորդ ռեակտորները կվերագործարկի: Համապատասխան թույլտվությունը երկուշաբթի՝ նոյեմբերի 27-ին, տվել է նահանգի նահանգապետ Իսեյ Նիսիկավան, հաղորդում է DW-ն:

Mitsubishi արտադրության յուրաքանչյուր ռեակտորի հզորությունը 1180 ՄՎտ է:

Հոկտեմբերին ճապոնական դատարանը Ֆուկոսւիմայի միջուկային աղետի համար պատասխանատվության ենթարկեց երկրի իշխանություններին եւ ատոմակայանի օպերատոր ընկերությանը՝ «Տերսո»-ին:

2011-ի մարտին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում ուժեղ երկրաշարժից եւ դրան հաջորդած ցունամիի հետեւանքով սառեցման համակարգը շարքից դուրս եկավ, ինչը ռեակտորների ակտիվ գոտու հալվելու պատճառ դարձավ:

 Ատոմակայանի վեց ռեակտորներից երեքը վնասվել էին: Դա հանգեցրել էր շրջակա տարածքների ռադիոակտիվ աղտոտմանը: Աղտոտված գոտուց տարհանվել էին տասնյակ հազարավոր մարդիկ: Ներկայումս գործում է չորս ռեակտոր: