Եվրոպայում մուսուլմանների թիվն առաջիկա 30 տարվա ընթացքում կավելանա: Այդ մասին են վկայում ամերիկյան Pew Research Center սոցիոլոգիական կենտրոնի՝ Վաշինգթոնում ներկայացված  հետազոտության տվյալները, փոխանցում է DW-ն:

Սոցիոլոգները երեք հնարավոր սցենար են առաջարկում.

Առաջին տարբերակում դիտարկվում է այն իրավիճակը, երբ դեպի Եվրոպա միգրացիան ամբողջությամբ կդադարի եւ խոսքը կվերաբերի միայն բնական աճին։ Այդ դեպքում մուսուլմանական ընտանիքներում ծնելիության բարձր մակարդակի հաշվին  Եվրոպայի բնակչության ընդհանուր թվում իսլամ դավանողների տոկոսը ներկա 4,9 տոկոսից կմեծանա մինչեւ 7,4 տոկոս:

Հաջորդ տարբերակը ենթադրում է միայն սովորական, աշխատանքային միգրացիա դեպի եվրոպական երկրներ: Այդ դեպքում Եվրոպայում 2050-ին կապրեն 11,2 տոկոս մուսուլմաններ: Իսլամական երկրներից դեպի Եվրոպա փախստականների հոսքի 2014-2016թթ. մակարդակի տեմպի պահպանման դեպքում մուսուլմանական բնակչության քանակը 32 տարի անց կկազմի 14 տոկոս:

Գերմանիայում ներկայումս մուսուլմանները կազմում են երկրի բնակչության 6,1 տոկոսը, այս տարբերակները նշանակում են համապատասխանաբար՝ դրա մինչեւ 8,7 տոկոսով աճ միայն բնական աճի դեպքում, մինչեւ 10,8 տոկոսով՝ սովորական միգրացիայի դեպքում եւ մինչեւ 19,7 տոկոսով՝  ներկայիս տեմպերով փախստականներին ընդունելու քաղաքականությունը շարունակելու դեպքում: