Փհենյանի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի վերջին փորձարկումը նախորդներից տարբերվում է այն բանով, որ Հյուսիսային Կորեային հաջողվեց մոտենալ միջուկային տերության կարգավիճակին: Փհենյանը պնդում է, որ հիմա հրթիռ ունի, որը կարող է հարվածել ԱՄՆ ցանկացած քաղաքին: Վաշինգթոնն աշխարհին կոչ է անում Փհենյանի հետ հարաբերությունները խզել եւ պատժամիջոցները խստացնել: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստանում «հիվանդ շնիկի» եւ «հրթիռ-մարդուկի» (Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ըն) հետ կապված իրավիճակը «լուծել»: Սակայն մի քանի փորձագետների կարծիքով Վաշինգթոնն, ըստ էության, փակուղում է հայտնվել:

Ի՞նչ հրթիռ է օգտագործել Փհենյանը եւ կարող է այն, իսկապես, հասնել ԱՄՆ մայրցամաքային տարածքին

Փհենյանի հայտարարության մեջ ասվում է, որ հրթիռը կոչվում է «Հվասոնգ 15» եւ այն ամենահզորն է իր դասի մեջ եւ դրանով ավարտվում է երկրում հրթիռային  համակարգերի մշակումը։ Այդ հայտարարությունը պնդում է նաեւ, որ հրթիռը հագեցած է եղել «գերծանր մարտագլխիկով», որն ի վիճակի է խոցել ԱՄՆ ամբողջ տարածքը։ Հրթիռը հասել է մինչ օրս Հյուսիսային Կորեայում գործարկված բոլոր հրթիռների ամենամեծ բարձրությանը, հայտնում է BBC–ն։

Այս գործարկումը վկայում է հետագա հաջողությունների մասին, թեպետ բուն հրթիռի մասին քիչ բան է հայտնի։ New York Times թերթի տեղեկություններով՝ տեղեկություններ կան այն մասին, որ հրթիռը վառելիքով է լիցքավորվել հորիզոնական վիճակում։ Դա կարող է այն ավելի խոցելի դարձնել ԱՄՆ–ի կողմից կանխարգելիչ հարվածի դեպքում։

Փհենյանի հայտարարության մեջ ասվում է, որ հրթիռը հասել է 4475 կմ բարձրության։ Դա նշանակում է, որ ստանդարտ հետագծի դեպքում դրա թռիչքի հեռահարությունը հասել է 13 հազա կմ–ի։
Մասաչուսեսի տեխնոլոգիական համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Վիպին Նարանգը կարծում է, որ նման հրթիռն ի վիճակի է խոցել ԱՄՆ տարածքում ցանկացած օբյեկտ, եթե միայն մարտագլխիկի քաշը սովորականից շատ չի լինի։

Հիմա միակ բանը, որն անհայտ է, մարտագլխիկի քաշն է։ Concerned Scientists կազմակերպության մասնագետ Դեւիդ Ռայթը կարծում է, որ արձակված հրթիռը հավանաբար մարտագլխիկի շատ թեթեւ մակետ էր կրում, իսկ դա նշանակում է, որ շատ ավելի ծանր միջուկային մարտագլխիկով այն չի կարող ունենալ նշված հեռահարությունը։

Այդուհանդերձ, Ռայթը նշել է, որ հյուսիսկորեացիները հրթիռի խոցման շառավիղը մեծացնելու նպատակով կարող էին այն իմիտացիոն ռումբով լիցքավորել, որը շատ թեթեւ քաշ է ունեցել։ Այնպես որ, դրա հաղթահարած հեռավորությունը թեպետ տպավորում է, սակայն չի նշանակում միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի ավտոմատ գոյություն, որը կարող է ջերմամիջուկային մարտագլխիկ կրել։

Որոշ փորձագետներ ենթադրում են, որ Հյուսիսային Կորեան հիմա հրթիռները լիցքավորում է հորիզոնական դիրքով, նախքան դրանք արձակման հարթակում տեղադրելը։ «Դա կրճատում է ժամանակը, որի ընթացքում դրանք տեսանելի են դառնում մինչեւ այն պահը, երբ դրանք արձակվում են, եւ դա կրճատում է հավանականությունը, որ ԱՄՆ–ն կարող է հարված հասցնել մինչեւ հրթիռի գործարկումը»,– ասել է Ռոջեր Բեյքերը՝ Stratfor–ում ռազմավարական վերլուծության ուղղության փոխնախագահը։

Նկարները նայելիս ակնհայտ է դառնում հրթիռի մեծ չափը։ Փորձագետների կարծիքով դա կարող է թույլ տալ հրթիռը հագեցնել ավելի հզոր շարժիչով։ «Դա շատ մեծ հրթիռ է։ Ես նկատի չունեմ մեծ է «Հյուսիսային Կորեայի համար»։ Միայն մի քանի երկիր կարող են նման չափի հրթիռներ արտադրել, եւ Հյուսիսային Կորեան հենց նոր միացավ նրանց»,– ասված է վերլուծության մեջ։

Հաշվի առնելով վերջին գործարկված հրթիռը՝ Հյուսիսային Կորեան այս տարի արդեն 3 անգամ փորձարկել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ եւ 20 անգամ էլ՝ բալիստիկ հրթիռներ։ Գործարկումը Փհենյանի հրթիռային ծրագրի համար տպավորիչ նվաճում է եւ ցուցադրում է, որ այդ երկիրն ի վիճակի է հրթիռներ գործարկել ավելի մեծ հեռավորությունների եւ բարձրությունների վրա, նշում են ԱՄՆ իշխանությունների ներկայացուցիցչներն ու վերլուծաբանները, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

The Washington Post–ի լրագրողները նշում են, որ նման հրթիռ գործարկելու դեպքում ԱՄՆ–ն ունի տիեզերքում ռումբեր ոչնչացնելու համակարգ, որն արժի 40 մլրդ դոլար։ «Այդ համակարգը, որը կոչվում է թռիչքի երթական հատվածում հակահրթիռային պաշտպանության ցամաքային համակարգ (Ground-based Midcourse Defense, GMD), դեռեւս մինչեւ վերջ մշակված չէ։ 2004-ին մարտական պատրաստության բերելու պահից ի վեր՝ այն չի կարողացել ոչնչացնել 10 փորձարկումներից 6-ի մարտագլխիկների մակետը, սակայն վերջին 2 փորձարկումները հաջողությամբ են ավարտվել»,– ասված է հոդվածում։

«Եթե Հյուսիսային Կորեան միջմայրցամաքային հրթիռների միջոցով 6 մարտագլխիկ ուղարկի ԱՄՆ, եւ մենք որսանք դրանցից 5-ը, դուք կասեք՝ օհո, 6-ից 5-ը վատ չէ,– պարզաբանել է Սպիտակ տան գիտության եւ տեխնիկայի վարչության Ազգային անվտանգության նախկին փոխտնօրեն Բրյուս Ու. Մակդոնալդսը։ – Սակայն եթե մենք դրա հետեւանքով կորցնենք Սիեթլը, մենք մեզ շատ վատ կզգանք, թեպետ համակարգն 80 տոկոսով արդյունավետ է աշխատում։ Ահա ինչումն է բանը»։

Այսպես՝ համակարգը կարող է զսպել Հյուսիսային Կորեային, քանի որ կարող է աշխատել։ Սակայն հույս դնել այն բանի վրա, որ դա մեզ կպաշտպանի, մեծ ռիսկ է, կարծում են հրապարակման հեղինակները։

Ինչպե՞ս կվարվի Վաշինգթոնը։

ՄԱԿ–ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին չորեքշաբթի հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի արձակած հերթական հրթիռը աշխարհը կմոտեցնի պատերազմին, այլ ոչ թե կհեռացնի դրանից։ «Մենք երբեք չենք ձգտել Հյուսիսային Կորեայի հետ պատերազմի, մենք դրան չենք ձգտում նաեւ հիմա։ Եթե պատերազմը սկսվի, դա տեղի կունենա նախօրեին մեր տեսած ագրեսիայի ակտի նման շարունակական ակտերի հետեւանքով։ Եվ եթե պատերազմը սկսվի, կարող եք վստահ լինել, որ Հյուսիսային Կորեայի ռեժիմն ամբողջովին կոչնչացվի»,– ասել էր Հեյլին ՄԱԿ ԱԽ նիստում։

The New York Times–ը գրում է, որ տեղեկություններ չկան այն մասին, որ Կիմ Չեն Ընն ու նրա հայրը երբեւէ դիտարկել են ԱՄՆ–ի հետ անմիջական միջուկային հակամարտության մեջ մտնելու հնարավորությունը։ Կախված այն հանգամանքից, թե ում տվյալներին ենք հավատում, Հյուսիսային Կորեան 20-60 մարտագլխիկ ունի։ ԱՄՆ–ն ունի ավելի քան 1.5 հազար արդեն մարտական պատրաստականության բերված մարտագլխիկ, իսկ պահուստային զինանոցում կա եւս հազարը։ «Դա ուրիշի օգնությամբ ինքնասպանության դեպք կլիներ, ինչպես մի քանի շաբաթ առաջ նշել էր ամերիկացի ռազմագետը»,– գրում է հեղինակը եւ նշում, որ Կիմ Չեն Ընն ուրիշ նպատակ է հետապնդում։ «Այդ նպատակը կիրականացվի միայն այն դեպքում, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կամ նրան հաջորդողներից մեկը որոշի վտանգի տակ դնել Չիկագոն, որպեսզի փրկի Սեուլը։ Կիմի ռազմավարության մի մասն է Ասիայում կասկածներ սերմանել, թե ԱՄՆ–ն իրոք օգնության կգա իր դաշնակիցներին։

Դեռեւս այդ հաշվարկը ճիշտ է դուրս գալիս։ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը  հայտարարել է, որ Կորեական թերակղզում երբեք եւս մեկ պատերազմ չի լինի եւ հասկացնել է տվել, որ ինքն իրավունք ունի վետո դնել ուժ կիրառելու ԱՄՆ ցանկացած որոշման վրա»։

Եթե Թրամփը չի ուզում վերջնականապես կորցնել դեմքը տարածաշրջանում իր հովանավորյալի մոտ, նա պետք է արագ գործի։ Կա 2 տարբերակ՝ ռազմական գործողություններ սկսել, ինչը մասնագետների մեծ մասի կարծիքով աղետալի հետեւանքներ կունենա, կամ էլ ձեռք մեկնել Կիմին՝ կտրուկ եւ արդյունավետ փոխելով իրավիճակը, ինչը կարող էր նրա համար շահավետ շրջադարձ դառնալ (Խաղաղության Նոբելյան մրցանակի՞ արժանացնել)»,– գրում է Le Temps–ը։

Ամեն դեպքում առավել հավանական է, որ Վաշինգթոնը, որտեղ որոշ քաոս է իշխում, ստիպված է լինելու անգործության մատնվել՝ դրանով արագացնելով իր դուրսմղումը տարածաշրջանից»։

Չինաստանը կօգնի՞ մեզ

Փաստացի Չինաստանն աստիճանաբար ստիպում է իրեն ընդունել որպես տարածաշրջանում գլխավոր դերակատար, գրում է Le Temps-ը։ Առեւտրային համաձայնագրից դուրս գալուց հետո, որի մասին Արեւելյան Ասիայում ԱՄՆ դաշնակիցների հետ բանակցում էին ԱՄՆ նախորդ նախագահները, Թրամփը իրականում հյուսիսկորեական դոսյեի կառավարումը փոխանցել է Չինաստանին՝ հայտնելով, որ այդ խնդրի կարգավորումը վստահում է Սի Ցզինպինին։ Չինաստանի հարեւանների համար դա հստակ ազդանշան էր՝ հիմա իրենց անվտանգւթյան ապահովման համար պետք է Պեկինին դիմեն ։

Corriere della Sera-ն գրում է, որ Չինաստանի ու Հյուսիսային Կորեայի միջեւ հոսող Յալա գետի վրայով անցնող բարեկամության կամուրջն անցած շաբաթ փակվել է։ «Պեկինում ասում են, որ ընթացիկ վերանորոգման նպատակով»։  Սակայն չինական բանակի 78-րդ ստորաբաժանումը, որը պատասխանատու է հյուսիսային սահմանի համար, հենց նոր է զորավարժություններ անցկացրել։ Հրամանատարությունն ասում է, որ դա սովորական ընթացակարգ է։ «Սակայն կան բազմաթիվ նշաններ այն մասին, որ Սի Ցզինպինի մտահոգությունն աճում է ու  նա սկսել է  կորցնել համբերությունը Փհենյանի նկատմամբ իր քայլերի հարցում,- գրում է պարբերականը,- Համալսարաններում խոսում են պատերազմական դրության համար ծրագրեր պատրաստելու անհրաժեշտության մասին, նախեւառաջ որովհետեւ հյուսիսկորեական միջուկային ու հրթիռային օբյեկտների  85 տոկոսը գտնվում է չինական սահմանից առավելագույնը 100 կմ հեռավորության վրա»։

Աշնանը հոնկոնգյան Il South China Morning Post թերթը հրապարակել էր մի հոդված, որը վերնագրված էր «Չինաստանը պետք է ներխուժի Հյուսիսային Կորեա, ինչպես ԱՄՆ-ն է արել Գրենադայի դեպքում»։ Պրոֆեսոր Ցզյա Ցինգոն ՝ Պեկինի համալսարանից, ուղղակի գրել էր, որ անհրաժեշտ է  համարում, որպեսզի որեւէ մեկը տիրանա հյուսիսկորեական զինանոցին լրջագույն ճգնաժամի դեպքում։ «Ու չնայած չինական կառավարությունը բացահայտ չի խոսում այս որոշման մասին, բայց սկսել է քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ,- փոխանցում են հեղինակները,- փոքրիկ սահմանամերձ Ցզիան քաղաքի մոտակայքում սկսվել են վեց գոտիներով ավտոմայրուղու շինարարական աշխատանքները, որը կարող է միջանցք դառնալ՝ դեպի Հյուսիսային Կորեա զորքերի արագ տեղափոխման համար»։

Դիվանագիտությանը շանս տալու համար Թրամփը պետք է հրաժարվի բորբոքող հռետորաբանությունից եւ մաքսիմալիստական դիրքորոշումից եւ կառուցողական համագործակցել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ, գրում է Project Syndicate–ը։ Իր իշխանությունը Չինաստանի Կոմկուսի 19-րդ համագումարում կոնսոլիդացնելով՝ Սին հավանաբար կստանձնի միջազգային հակամարտությունների լուծման ավելի ակտիվ դեր, հատկապես Չինաստանին անմիջականորեն սահմանակցող շրջաններում։ Արդյունավետ գլոբալ առաջնորդը պետք է ի վիճակի լինի հանդես գա իր դաշնակցի դեմ եւ ձեռք մեկնել հակառակորդին, եթե այդպես են պահանջում հանգամանքները։

Ըստ BBC,–ի «Ինոպրեսա»–ի, «Ինոսմի»–ի,  Reuters–ի, «Ամերիկայի ձայնի» նյութերի